Քաղաքական

25.09.2019 09:20


Փաշինյանը պատրաստ է փոխզիջման, բայց վախենում է․ Սերգեյ Մարկով

Փաշինյանը պատրաստ է փոխզիջման, բայց վախենում է․ Սերգեյ Մարկով

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը, անդրադարձել է Նյու-Յորքում տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը։ Գնահատական տալով տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած այն մտքին, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ», Սերգեյ Մարկովը ադրբեջանական Media.az-ին տված հարցազրույցում ասել է, որ այդ հայտարարությունը չի նշանակում, թե բանակցային գործընթացի վրա խաչ է քաշված, թեեւ նկատելի են, որ որոշակի խոչընդոտներ այնուհանդերձ կան բանակցային գործըթնացում։

«Ղարաբաղյան կարգավորման բանակցություններն իրականում երկու մասից են բաղկացած։ Սրա մասին կամ մոռանում են հաճախ, կամ էլ պարզապես չգիտեն։ Առաջին մասը անմիջականորեն Լեռնային Ղարաբաղն է։ Երկրորդ մասը յոթ շրջանները, որոնք գտնվում են ԼՂ շուրջ։ Ու եթե բուն Ղարաբաղի մասով Փաշինյանը դեռ պատրաստ չէ գնալու փոխզիջումների, ապա ԼՂ շուրջ գտնվող տարածքների մասով Հայաստանի վարչապետը ներքուստ եւ նույնիսկ քաղաքականապես պատրաստ է, սակայն վախենում է եւ սպասում է ձեռնտու քաղաքական իրադրության դասավորմանը։

Գոյություն ունի «կազանյան բանաձեւ», որում հստակ ամրագրված են բոլոր պայմանները․ Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանին այն յոթ շրջանները, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Դրան ի պատասխան Բաքուն բացում է հաղորդակցության ուղիները եւ սահմանվում է ապառազմականացված գոտի, ընդ որում պահպանվում է միջանցքը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Դա այսպես ասենք՝ ժամանակավոր կոմպրոմիս է։ Փաշինյանը, կրկնում եմ, վախենում է, որ արմատական խմբավորումները նրան կմեղադրեն դավաճանության մեջ, իսկ հետո լիբանանցի կամ սիրիացի ինչ-որ զինյալներ պարզապես նրան կգնդակահարեն կամ կպայթեցնեն։ Ուստի Հայաստանի վարչապետը փորձում է առավելագույնս պայմանավորվել Ղարաբաղի հայության հետ, որպեսզի հասկացնի, որ ինքը դավաճան չէ։ Այստեղից էլ ահա գալիս է այդ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը։

Մյուս կողմից, մենք՝ վերլուծաբաններս, հասկանում ենք, որ այդ արտահայտությունը պրոպագանդիստական նախապատրաստություն է հնարավոր մեծ փոխզիջմանը, որը կարող է կայանալ Երեւանի եւ Բաքվի միջեւ ըստ «կազանյան բանաձեւի»՝ կապված յոթ շրջանների վերադարձի հետ։ Այս բովանդակային բանակցություններին էլ պետք է գնալ։ Սերժ Սարգսյանն, ի դեպ, դրան նույնպես պատրաստ էր։ Սակայն Հայաստանում անընդհատ բարդ քաղաքական իրավիճակ է»,- ասել է Մարկովը՝ հավելելով, որ Բաքուն մեծ համբերատարություն է ցուցաբերում, ինչը գնահատվում է Մոսկվայում։

Մարկովը նաեւ նշել է, որ Փաշինյանը հիմա խնդիր ունի ամրացնել իր դիրքերը, որպեսզի Ղարաբաղի հայությունը աջակցի իրեն փոխզիջման հարցում։

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը