Լրահոս

24.09.2019 14:10


Ինչու Մխիթարյանը և Գյուլբուդաղյանցը չեն մասնակցել FIFA The Best քվեարկությանը. Պարզաբանում է ՀՖՖ-ն

Ինչու Մխիթարյանը և Գյուլբուդաղյանցը չեն մասնակցել FIFA The Best քվեարկությանը. Պարզաբանում է ՀՖՖ-ն

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Միլանում ամփոփվեց FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը:

Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկությանը չէին մասնակցել: Այս հարցով ArmSport.am-ը դիմեց ՀՖՖ մամուլի ծառայություն՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու:

«Ֆուտբոլային հանրության հարգելի անդամներ,

Երեկ Իտալիայի Միլան քաղաքում կայացավ The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Ըստ կանոնակարգի, մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը և մեդիայի 1 ներկայացուցիչ):

2019 թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ: Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել քվեարկության համար նախատեսված նամակ-ձևաթուղթը, որը չի հասել հասցեատիրոջը և հենց այդ պատճառով էլ ՀՖՖ-ն չի ներկայացրել քվեարկության իր տարբերակները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ չկա որևէ միտում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ՀՖՖ-ն մշտապես ներկայացրել է քվեարկության իր տարբերակները: Հայցում ենք ֆուտբոլային հանրության, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի և ավագի ներողամտությունը և հավաստիացնում, որ հետագայում հետամուտ կլինենք քվեարկության պատշաճ իրականացմանը», - պաշտոնական մեկնաբանությունն ArmSport-ին փոխանցեց ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տարվա լավագույն մարզիչն է:

Այս խորագրի վերջին նյութերը