Լրահոս

28.04.2010 17:32


ՀԱԿ անդամ. «Վտանգ եմ տեսնում, որ արձանագրություններն ինչ–որ պարագայում նորից կարող են կյանքի կոչվել»

ՀԱԿ անդամ. «Վտանգ եմ տեսնում, որ արձանագրություններն ինչ–որ պարագայում նորից կարող են կյանքի կոչվել»

ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հայ-թուրքական գործընթացից Թուրքիան շահեց, քանի որ արդեն ակնհայտորեն հանդես եկավ որպես հակամարտության կողմ։ Մեկնաբանելով Ա. Վարդանյանի հայտարարությունը՝ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը նշել է.

-Սա այն քիչ դեպքերից է, որ ես պետք է համաձայնվեմ։ Ավելին, ափսոսում եմ, որ դաշնակցական գործիչները նոր են դա նկատել։ Հայ ազգային կոնգրեսը դա ասում էր մեկ ու կես տարի առաջ։ Ուրախ եմ, որ արհեստական ընդդիմություն հանդիսացող դաշնակցական գործիչը (սա իմ անձնական գնահատականն է), ինչի մասին լրացուցիչ հաստատումներ ստացա Եվրոպայում, նույնպես կիսում է այդ մոտեցումը։

Նա նշել է, որ չէր ցանկանա, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ձևավորվեին առկա արձանագրությունների շրջանակներում, քանի որ կյանքի կոչման դեպքում դրանցում բազմաթիվ վտանգներ կան, և դրանք վատ բանակցված փաստաթղթեր են։

-Վտանգ եմ տեսնում, որ դրանք ինչ-որ պարագայում նորից կարող են կյանքի կոչվել։ ԼՂ հակամարտության կարգավորման պարագայում մենք անմիջապես կունենայինք բաց սահմաններ և նորմալ հարաբերություններ բոլոր հարևանների հետ։ Դա մադրիդյան փաստաթղթի բաղկացուցիչ մաս է։ Հիմա, ունենալով այս արձանագրությունները, եթե անգամ լուրջ առաջընթաց ունենանք Ղարաբաղի հարցում և ինչ-որ համաձայնագիր ստորագրենք, Էրդողանը ցանկացած պահի կարող է ասել, որ ինքը չի բացի սահմանը, մինչև այն խնդիրները, որոնք կան արձանագրություններում, մասնավորապես պատմաբանների հանձնաժողովը, կյանքի չկոչվեն։ Այսինքն, լրացուցիչ շատ վտանգավոր հանգամանք կա, որը կարող է խանգարել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը,- ընդգծել է Վլ.Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը