Հարցազրույց

24.09.2019 09:57


«Մենք Արցախը զիջելու կամ մահվան հայեցակարգի չենք կարող վերադառնալ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մենք Արցախը զիջելու կամ մահվան հայեցակարգի չենք կարող վերադառնալ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է այն սպառնալիքները, որոնք առկա են մեր ընթացիկ հասարակական-քաղաքական օրակարգում:

Եթե իշխանության ներկայացուցիչը կամ որևէ մեկը հայտարարում է, թե, օրինակ, Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քան Արցախինը, ապա դրանից կարելի է բխեցնել, որ իշխանության հարցն ավելի կարևոր է, քան ցանկացած ազգային հարց: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը` ընդգծելով, որ մեր հիմնական ազգային հարցը, բնականաբար, Արցախի խնդիրն է:

«Պատահական չէ, որ իմ «պաշտպանյալը» (Թևանյանը Փաշինյանին անվանում է «պաշտպանյալ») անում է քայլեր, որոնք ուղղված են պաշտոնական Ստեփանակերտի դեմ: Նման նախադեպ չի եղել: Եղել են կոնֆլիկտներ, բայց այդպիսի հրապարակային տեսք տալ, այդպիսի ագրեսիվություն հաղորդել ու այդպիսի հետևողականությամբ գնալ դրան, նշանակում է, ինքը (Փաշինյանը) որոշակի առումով քայլում է այն ուղղությամբ, որը պահանջում են «թավշյա հեղափոխության» արտաքին փայատերերը, իսկ նրանք իրենց շահերից ելնելով պիտի պահանջներ ներկայացնեն»,-նկատում է Անդրանիկ Թևանյանը:

Նա կարծում է, որ անցյալ տարվա ապրիլ-մայիսի իշխանափոխական իրադարձություններն ունեին արտաքին փայատերեր: Քաղաքագետն այդպիսին է համարում ամերիկաթուրքական շրջանակները։

Դրա համար հիշյալ «արտաքին փայատերերի» խնդիրներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները լարվածության տանելն է, իսկ այդ համատեքստում գործոն է դարձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետապնդելը:

«Ինչո՞ւ է երկրորդ նախագահի կալանավորումը խնդիր առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում: Որովհետև սա դասակարգային հարց է դարձել:

Այսինքն, «նիկոլներ» կան նաև Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և այնտեղ՝ «ուզում ենք ինչպես Հայաստանում» տարբերակով շատ հնարավոր է, որ տեղական հեղափոխականները փորձեն ցնցումներ ու քաոս առաջացնել: Դա մտահոգում է, անշուշտ, մեր գործընկերներին, և նրանք չեն ընդունում այն ճանապարհը, որով ձևավորվել է Հայաստանի ներկայիս իշխանությունը»,-ասում է Թևանյանը:

Այսպես ասած՝ «ֆուտբոլային դիվանագիտության» դասերից մեկն այն էր, որ Թուրքիան չի գնալու Հայաստանի հետ որևէ հարաբերության՝ առանց հայկական կողմի արցախյան զիջումների:

«Այսինքն` «զիջենք Արցախը, որպեսզի գոնե պահենք Հայաստանը» տխրահռչակ թեզը, որն իր արտահայտությունն էր ստացել տերպետրոսյանական փուլային լուծման տարբերակում, չաշխատող է, դա մահվան հայեցակարգ է: Մենք մահվան հայեցակարգի չենք կարող վերադառնալ: Իսկ այս իշխանությունները, մի քիչ ավելի «թավշյա հեղափոխական» տեխնոլոգիաներով տանում են նույն ուղղությամբ»,–ասում է Թևանյանը:

Նա նկատում է, որ Մարտի 1-ի դատավարություն կոչվածը վերածվել է ՀԱԿ-ի կցորդ միջոցառման, այդ միջոցառմանը մասնակցում են տերպետրոսյանականները:

«Եվ մենք մեր երկիրը դարձրել ենք 2008 թ․ սահմանադրական կարգի տապալման չհաջողված փորձի գերի: Եվ այդ առումով մեզ վրա անցյալը սկսել է իշխել, ըստ որում, վտանգավոր փուլի անցյալը, հայկական ազգային շահերի դեմ կատարվող անցյալը: Գիտակցո՞ւմ է դա թե՞ ոչ, արդեն էական չէ»,-ասում է քաղաքագետը:

«Թավշյա հեղափոխության», վերջին կադրային փոփոխությունների, Ամուլսարի հարցի և ընթացիկ այլ զարգացումների վերաբերյալ կայքի զրուցակցի մյուս դիտարկումները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը