Քաղաքական

23.09.2019 08:11


Հիմա դա էկոլոգիական աղե՞տ է, թե՞ ոչ, այս հարցի պատասխանը ես դե յուրե և դե ֆակտո պիտի ստանամ. Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Հիմա դա էկոլոգիական աղե՞տ է, թե՞ ոչ, այս հարցի պատասխանը ես դե յուրե և դե ֆակտո պիտի ստանամ. Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ իր հիմնական ուղերձն ամերիկահայերին լինելու է համահայկականության հայեցակարգի գործնական խնդրի ձևակերպումը։

«Մեր մեծագույն խնդիրը ՀՀ-ի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է, որովհետև բոլոր հարցերը, որոնք կան մեր ազգային օրակարգում, դրանք ուժեղ պետության լուծելիք հարցեր են, իսկ ուժեղ պետություն ասելով պետք է հասկանալ տնտեսապես զարգացած պետություն»,-ասաց նա:

Նա կարևորեց նաև Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանի վերացումը: «Աշխարհում ավելի ու ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ և Սփյուռքի կառուցակարգային, գաղափարաբանական այդ սահմանները պետք է վերանան, այս հենքի վրա պետք է կառուցվեն հարաբերությունները։

Յուրաքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու այնքան, որքան ՀՀ-ում բնակվողները»,-ասաց նա:

Փաշինյանը կարևոր համարեց, որ բոլոր սփյուռքահայերն ունենան հայկական անձնագիր և տարվա մեջ մի որոշ ժամանակահատված անցկացնեն հայրենիքում:

Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները վարչապետին հարց ուղղեցին նաև Ամուլսարի հանքի շահագործման խնդրի առնչությամբ:

Հարցին՝ արդյոք Ամուլսարի հարցում կա՞ վերջնական որոշում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը, մի մասն ասում է՝ աշխարհը քանդվի, Ամուլսարը պիտի մնա սար, մյուս մասն ասում է՝ աշխարհը քանդվի՝ Ամուլսարը պիտի շահագործվի: Ես ասում եմ, որ այս հարցում մենք և՛ հայ հանրության, և՛ միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ: Հիմա դա էկոլոգիական աղետ է, թե չի, ես այդ հարցի պատասխանը դե յուրե և դե ֆակտո պիտի ստանամ»:

Նա նշեց, որ ինքը հանքը բացել կամ չբացելու խնդիր երբևէ չի դրել, «Լիդիանի» ներկայացուցիչներին էլ ասել է՝ եթե պարզվի, որ իրենց ասած չափանիշներով հանքը հնարավոր է շահագործել, կաջակցի, եթե ոչ, ուրեմն հանքը չի բացվի:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը