Լրահոս

21.09.2019 13:38


Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Վայոց Ձորում գրանցված միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում ՊՆ փոխգնդապետ է ծեծի ենթարկվել, որն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը ձերբակալվել է, Tert.am-ի տեղեկություններով՝ միջադեպին մասնակից է եղել նաև մարզպետը, ում հնարավոր մասնակցությունը միջադեպին ստուգվում է: Միջադեպի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ դեպքի առթիվ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են սկսվել:

«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, որևէ բան չեմ կարող ասել: Մեզ ավելի շատ մտահոգել է, որ մեր փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս: Նա մեր վերահսկողության տակ է գտնվում, ՊՆ-ի հոսպիտալում է»,-ասաց Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ կասկած չկա, որ ՊՆ-ն Կառավարության անդամների հետ միասին հետևողական են լինելու գործին: Գործով զբաղվում է ռազմական ոստիկանությունը և քաղաքացիական ոստիկանությունը:

«Ամեն ինչ ազնիվ և արդար կլինի: Մեղավորներն իրենց պատիժը կստանան»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի էր ունեցել միջադեպ, որի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՊՆ փոխգնդապետին ծեծելու գործով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը: Միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը