Քաղաքական

20.09.2019 16:17


Դավիթ Տոնոյանը չբացառեց, որ Ռուսաստանը կդադարի լինել սպառազինության գլխավոր մատակարարը (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանը չբացառեց, որ Ռուսաստանը կդադարի լինել սպառազինության գլխավոր մատակարարը (տեսանյութ)

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացահայտում նոր սպառազինության մատակարարումների մասին գաղտնիքները:

Սեպտեմբերի 20-ին ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով սպառազինության տեխնիկական որակներով «Իսկանդերին» գերազանցող հնարավոր մատակարարումների հարցը՝ նախարարը նշեց, որ հենց այն հայտնվի, այդ մասին կհաղորդվի:

Ի պատասխան այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք փոխվել Հայաստանի համար սպառազինության գլխավոր մատակարար Ռուսաստանը՝ նախարարը ոչինչ չբացառեց, քանի որ, ինչպես նա բազմիցս հայտարարել է, հիմա Հայաստանի ԶՈՒ կարիքների համար գնվում է լավագույն սպառազինությունը եւ մատչելի գներով, կարեւոր չէ, թե այն որ երկրից է ձեռք բերվում: «Բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ տարբեր երկրներ ունեն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների իրենց ներքին սահմանափակումները»,- հիշեցրեց նախարարը:

Խոսելով «Սու 30»-ի մատակարարումների մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջարկեց սպասել մինչեւ տարեվերջ - 2020-ի սկիզբ: «Հիմա մեր փորձագետներն աշխատում են: Կան պայմանագրային պարտավորություններ»,- արձանագրեց Դավիթ Տոնոյանը:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը