Քաղաքական

19.09.2019 17:05


Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված՝ լուրջ ճնշումներ են գործադրվում դատական համակարգի նկատմամբ. փաստաբան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված՝ լուրջ ճնշումներ են գործադրվում դատական համակարգի նկատմամբ. փաստաբան (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը տեղավորվում է այն նույն դաշտում, որում արգելափակվեցին դատարանների դռները, և սկսվեց հետապնդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որոնցից մեկը երկրորդ նախագահին ազատեց կալանքից, մյուսը՝ կասեցրեց դատական գործը, և այն փոխանցվեց ՍԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի կարծիքով՝ երբ Ռոբերտ Քոչարյանի գործը հայտնվեց ՍԴ-ում, իշխանությունները, հասկանալով, որ չեն կարողանա վերահսկել ՍԴ-ին ևս, սկսեցին այս գործընթացը:

«Ինձ համար ամենակարևորն այն է, որ, ըստ էության, մեկ գործով պայմանավորված՝ լուրջ ճնշումներ են գործադրվում դատական համակարգի նկատմամբ, և իրավական պետության համար ոչ հարիր գործունեություն է իրականացվում գործադիր մարմնի կողմից: Ակնհայտ է, որ գործադիր մարմինն ամեն կերպ փորձում է իր հսկողությունը սահմանել դատարանների նկատմամբ, այդ թվում՝ ՍԴ-ի, և տեսնելով, որ չի կարողանում բոլոր դատավորների նկատմամբ իր հսկողությունը տարածել, դիմում է այսպիսի քայլերի»,-նշեց Սահակյանը:

Փաստաբանը հիշեցրեց՝ գոյություն ունի իշխանությունների տարանջատման սկզբունք, և գործադիր մարմինը որևէ կերպ չի կարող դատական իշխանության վրա ճնշումներ գործադրել և միջամտել նրա գործունեությանը:

«Սակայն գործադիր մարմինը միջամտում է դատական իշխանության գործունեությանը: Այդ միջամտությունները սկսվել են վաղուց՝ փորձելով դատարանների վրա ճնշումը գործադրել ծածուկ: Բայց երբ հրապարակվեցին հայտնի գաղտնալսումները, իշխանությունները սկսեցին ճնշում գործադրել հրապարակային և ուղիղ»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Վերջինս ընդգծեց՝ գործադիր իշխանության՝ դատական իշխանության աշխատանքին միջամտելը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու պետության համար:

Մանրամասները՝ tert.am–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը