Աշխարհ

17.09.2019 15:17


Տիտանների մենամարտը. ովքեր են դուրս գալու մրցասպարեզ

Տիտանների մենամարտը. ովքեր են դուրս գալու մրցասպարեզ

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությունը: Եվրոպայի ակումբային ֆուտբոլի տիտանները դուրս են գալիս մրցասպարեզ:

Ամառային տրանսֆերային պատուհանն իր հետ թարմություն բերեց եվրոպական ֆուտբոլ և հետաքրքրական է, թե ինչպես իրենց կդրսևորեն նոր ակումբներ տեղափոխված ֆուտբոլիստները:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքում թիմերը հետաքրքիր դասավորություն ստացան:

Ձևավորվեցին շատ հետաքրքիր ու դիտարժան ֆուտբոլ խոստացող դիմակայություններ: Խմբային փուլում միմյանց հետ կմրցեն թիմեր, որոնց հանդիպումները կարող էին զարդարել նաև ՉԼ եզրափակիչը. «Ռեալ»-«ՊՍԺ», «Նապոլի»-«Լիվերպուլ», «Բարսելոնա»-«Բորուսիա», «Բարսելոնա»-«Ինտեր»:

Մյուս կողմից այս խաղարկության ընթացքում իսպանական գերակումբները՝ «Ռեալը» և «Բարսելոնան», պետք է փորձեն վերահաստատել Չեմպիոնների լիգայում իսպանական ակումբների գերակայությունը: Նախորդ մրցաշրջանը ձախողած «Ռեալը» ձեռք է բերել Էդեն Ազարի տրանսֆերը և հույս ունի իր նոր առաջատարի միջոցով վերադարձնել գավաթը: Իր հերթին «Բարսելոնան» վերջին անգամ գավաթը նվաճել է 2014/2015 մրցաշրջանում ու ևս համալրվել է գերաստղերով: Անտուան Գրիզմանը և Ֆրենկի դե Յոնգը կփորձեն օգնել Մեսսիին հերթական անգամ փայլելու այս մրցաշարում:

Մեծ հավակնություններ ունեն նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» և ֆրանսիական «ՊՍԺ» -ն, ովքեր, չնայած մեծ գումարներ են ծախսում, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չեն կարողանում հաղթել բաղձալի գավաթը:

«Յուվենտուսը» ևս հավակնորդների թվում է: Կազմում ունենալ Ռոնալդուի պես ֆուտբոլիստ և չհավակնել մեծ հաղթանակների, ուղղակի անհնար է:

Եվ իհարկե, «Լիվերպուլը»՝ ՉԼ ներկայիս գավաթակիրը, ով փայլուն ֆուտբոլ է ցուցադրում նաև այս տարի և կարող է կրկնել 1977 և 1978 թթ հաջողությունը, երբ թիմը երկու անգամ անընդմեջ հաղթեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթը:

Մի խոսքով.. աշունը թեժ է լինելու:

Իսկ ահա armsport.am-առանձնացրել է խմբային փուլի առաջին տուրի առաջին օրվա՝ մեր կարծիքով ամենադիտարժան դիմակայությունները, որոնք անտարբեր չեն թողնի ֆուտբոլասերներին։

EDJxo1AXoAAWYE6

H խումբ. «Չելսի»-«Վալենսիա»

Խաղի մեկնարկը՝ 23:00

Այս թիմերը վիճակահանության արդյունքում հայտնվել են H խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաև Ֆրանսիական «Լիլլը» և հոլանդական «Այաքսը»:

Այստեղ իրավիճակը բավականին բարդ է, որովհետև առնվազն երեք թիմ՝ «Վալենսիան», «Չելսին» և «Այաքսը» ունեն հավասար հնարավորություններ:

«Վալենսիան» և «Չելսին» ընդհանուր առմամբ անցկացրել են 6 պաշտոնական հանդիպում: 3-ում հաղթել են ազնվականները, երեք հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի: Թիմերի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2011թ Սթեմֆորդ Բրիջ մարզադաշտում, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Այս խաղում հաղթանակ են տարել «Չելսիի» ֆուտբոլիստները:

Ընդհանուր առամբ երկու թիմերն էլ բավականին բարդ իրավիճակում են մոտենում այս հանդիպմանը: Մի քանի օր առաջ «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Մարսելինոն և թիմը այժմ ամենալավ օրերը չի ապրում: Լա լիգայի վերջին հանդիպման ժամանակ «Վալենսիան» 2-5 հաշվով զիջեց կատալոնական «Բարսելոնային» և այժմ 4 խաղից վաստակած 4 միավորով ընթանում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում:

Ի տարբերություն «չղջիկների», «Չելսին» վերջին խաղում հաղթանակի է հասել «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ 5-2 հաշվով, և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Սակայն պետք է հաշվի առնել, որ թիմում սերնդափոխություն է տեղի ունենում և նորանշանակ մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, ով Չեմպիոնների լիգայում որպես մարզիչ իր նորամուտն է նշելու, փորձում է նոր թիմ կազմավորել:

Հաշվի առնելով այն փաստը, որ «Չելսին» խաղում է սեփական հարկի տակ, «ազնվականների» հաղթանակի շանսերն ավելի մեծ են

Ուշադրության արժանի ֆուտբոլիստներ՝

Թեմմի Աբրահամ և Մեյսոն Մաունտ-Չելսի

Դանիել Պարեխո- Վալենսիա

F խումբ. «Բորուսիա» Դորտմունդ - «Բարսելոնա»

Խաղի մեկնարկը՝ 23:00

«Բարսելոնան» և «Բորուսիան», «Ինտերի» և «Լեգիայի» հետ միասին ձևավորել են «մահվան խումբը»: Այս խմբում հայտնվել են երեք գերակումբներ, որոնք, կարելի է ասել, հավասար հնարավորություններ ունեն: Այս տուրի ամենադիտարժան զույգերից մեկը կազմել են գերմանական և կատալոնական ակումբները: Հանդիպումը առաջին հերթին հետաքրքական է նրանով, որ երկու ակումբներն էլ դավանում են հարձակվողական ֆուտբոլ և իրենց կազմում ունեն փայլուն կատարողներ: Բարսելոնայի կազմում հանդիպումը բաց կթողնի թիմի առաջատար Լիոնել Մեսսին, սակայն, փոխարենը, շարք է վերադարձել Լուիս Սուարեսը, ով Վալենսիայի հետ կայացած վերջին հանդիպմանը դարձավ դուբլի հեղինակ, իսկ կատալոնական ակումբը ջախջախեց մրցակցին 5-2 հաշվով:

Հետաքրքիր է հետևել նաև Գրիզմանի խաղին, ով այս ամռանն է տեղափոխվել «Բարսա» և ապացուցելու բան ունի թիմի երկրպագուներին: Եվ վերջապես, բոլորի ուշադրության կենտրոնում է լինելու Անսու Ֆատին, ով կարող է դառնալ ՉԼ պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Իրենց հերթին դորտմունդցիները վերջին խաղում 4-0 հաշվով ջախջախել են Լևերկուզենի «Բայերին»: Գերմանական թիմը բավականին հետաքրքիր ձեռքբերումներ է կատարել, մասնավորապես՝ Բրանդտ, Տորգան Ազար, և պատրաստ է Չեմպիոնների լիգայի այս խաղարկությանը:

Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 2 անգամ՝ հեռավոր 1998 թ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակներում: Առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել են կատալոնցիները, իսկ երկրորդ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:

Ուշադրության արժանի ֆուտբոլիստներ.

Անսու Ֆատի, Անտուան Գրիզման-«Բարսելոնա»

Ջեյդոն Սանչո, Մարկո Ռոյս- «Բորուսիա»

E Խումբ. «Նապոլի»-«Լիվերպուլ»

Խաղի մեկնարկը՝ 23:00

Այս խմբի կենտրոնական հանդիպումը տեղի է ունենալու հենց առաջին տուրում: Ուժերն են չափելու Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր անգլիական «Լիվերպուլը» և Իտալիայի փոխչեմպիոն Նապոլին:

Թիմերը հանդիպել են 6 անգամ: 3 անգամ հաղթել են «մերսիսայդցիները», ևս 2 հաղթանակ է տարել իտալական ակումբը: Ընդ որում, նախորդ խաղարկությունում թիմերը ընդգրկված էին նույն խմբում և մեկական հաղթանակ տարան միմյանց նկատմամբ, նվազագույն՝ 1-0 հաշվով:

Նշենք, որ Լիվերպուլի ֆուտբոլիստները գտնվում են փայլուն մարզավիճակում և ԱՊԼ-ում դեռևս ցուցադրում են 100 տոկոսանոց արդյունք. 5 խաղ, 5 հաղթանակ:

«Նապոլին», ի տարբերություն անգլիացիների, ընթանում է Ա Սերիայի 4-րդ հորիզոնականում:

Ուշադրության արժանի ֆուտբոլիստներ.

Իրվին Լոզանո, Դրիս Մերտենս - «Նապոլի»

Մոհամեդ Սալահ, Ռոբերտո Ֆիրմինո, Սադիո Մանե-«Լիվերպուլ»

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը