Հարցազրույց

16.09.2019 21:14


Արարատ Միրզոյանի ելույթը ենթադրում է օրենսդիր մարմնի ճնշում ՍԴ-ի վրա. ՍԴ նախագահի խորհրդական (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի ելույթը ենթադրում է օրենսդիր մարմնի ճնշում ՍԴ-ի վրա. ՍԴ նախագահի խորհրդական (տեսանյութ)

Զարմանալի է, որ Ազգային ժողովը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն է անում, շատ պատասխանատու հայտարարություններ է անում՝ չհիմնվելով որևէ փաստի վրա: Դա, միանշանակ, օրենսդիր մարմնի ճնշումն է Սահմանադրական դատարանի նկատմամբ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության այն հատվածին, թե Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողն ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:

«Կարող եմ ուղղակիորեն հերքել պարոն Միրզոյանի ասածները՝ փաստելով, որ Սահմանադրական դատարանն աշխատանքային նիստ է հրավիրել հատուկ այդ հարցով և անդրադարձել է դատավոր Վահե Գրիգորյանի պնդումներին առ այն, որ ՍԴ երեք դատավորներ, ինչպես ինքն է անվանում՝ անդամներ, իրավասու չէին քննել այդ գործն անաչառ չլինելու պատճառով: ՍԴ-ն մանրամասն է անդրադարձել Վահե Գրիգորյանի պայմանական ասած՝ թույլատրելիությանը՝ փաստելով, որ Վահե Գրիգորյանն այդ դիմումը ներկայացնելով խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի մի շարք պահանջներ:

ՍԴ-ն այս հարցին սպառիչ անդրադարձել է, բայց քանի որ դատարանը հաշվետու չէ որևէ մարմնի, այդ թվում նաև Ազգային ժողովին կամ նրա նախագահին, չէր կարող հաշվետու լինել և բնականաբար այդ մասին ԱԺ նախագահին չի տեղեկացրել և պարտավոր էլ չէր տեղեկացնել:

Ուստի, նման հայտարարություն անելուց առաջ հարկավոր էր նախ փաստերը ստուգել»,-ասաց Մուրադյանը:

Հարցին, թե Արարատ Միրզոյանը կասկածելի է համարում Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մասով խորհրդատվական կարծիք ստանալու համար Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ ուղարկված դիմումը, Գրիգոր Մուրադյանն ասաց, որ կասկածամտությունը վտանգավոր երևույթ է, մանավանդ, երբ այն դրսևորվում է տարբեր պաշտոնատար անձանց կողմից և հատկապես ՍԴ-ի առնչությամբ: «Ես ներկա եմ եղել այդ նիստին, որտեղ ՍԴ-ն ութ դատավորի կազմով, այսինքն` միաձայն, քանի որ Վահե Գրիգորյանը չէր մասնակցում այդ նիստին գործին մասնակցելու անհնարինության հիմքով, կայացրել էր աշխատակարգային որոշում՝ կասեցնել գործի վարույթը և դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիքներ հայցելու նպատակով:

Ինչն է այստեղ կասկած հարուցում, եթե կասկած է հարուցում, թե ով է դիմումը կազմվել տեխնիկապես, ապա այն կազմվել է ՍԴ-ի աշխատակազմում, իսկ ինչու պետք է այդ մասին որևէ մեկը տեղեկացվեր, պա՞րզ չէ, որ աշխատակազմն է կազմում, ինչ վերաբերում է ենթատեքստում, եթե նման բան կա ուղղորդման վերաբերյալ, ապա դա քրեական գործի առարկա է, թող գործ հարուցեն ու պարզեն՝ ուղղորդում եղել է, թե ոչ, բայց անհեթեթ կասկածանքներով մեր հանրությանը չզբաղեցնեն»,-ասաց Գրիգոր Մուրադյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ նյութերը ԱԺ-ին չեն տրամադրել, ապա ՍԴ նախագահի խորհրդականն ասաց, որ դիմողը պատշաճ չի եղել, թող ԱԺ նախագահը հետևի, որ իր աշխատակազմը չդիմի ՍԴ, որովհետև աշխատակազմն ընդամենը սպասարկող է, նա չէ դիմող սուբյեկտը:

Հարցին, թե Արարատ Միրզոյանի ելույթում անդրադարձ կար նաև Հրայր Թովմասյանի քաղաքական անցյալին, ինչպես նաև նշում էր, որ մինչև 2035 թվականը ՍԴ դատավորները զրկված են ՍԴ նախագահ ընտրելու իրավունքից, խոսում էր նաև ինքնիշխանության ու քաղաքական ազդեցության մասին, ապա ՍԴ նախագահի խորհրդականն ասաց. «Արարատ Միրզոյանը շփոթում է անկախությունն ինքնավարության հետ: Ինչ վերաբերում է նրան, որ Հրայր Թովմասյանը քաղաքական անցյալ է ունեցել, այո, և ի՞նչ, սա պատժելի՞ է: Ես դա չեմ հասկանում, հիմա ինքը՝ որպես քաղաքական գործիչ, պետք է հետագայում իր գործունեությունը խնդիր լինի, եթե զբաղեցնի այս կամ այն պաշտոնը, և ամենակարևորը՝ նախորդ սահմանադրությունը պարտավորեցնում էր նախորդ գումարման Ազգային ժողովին 30-օրյա ժամկետում թափուր պաշտոնում նշանակում կատարել: Ճիշտ է՝ իրենք ինչ-որ վարկած են շրջանառում, որ նախապես պայմանավորված է եղել, թե ով երբ հրաժարական տա, շատ լավ, դա իրենց վարկածն է, դա ինչ կապ ունի:

Հրաժարական տալուց հետո 30 օրյա ժամկետում ԱԺ-ն պարտավոր էր ՍԴ անդամների թվից նշանակել ՍԴ նախագահ: Եթե խնդրահարույց է այս ընթացակարգը, ապա ճանապարհը մեկն է՝ դիմել ՍԴ, այդ որոշման իրավաչափության հարցով: Եթե իրենք շրջանցում են իրավական ընթացակարգը, ապա ես մնացածը համարում եմ քաղաքական մերկապարանոց հայտարարություններ: Ի՞նչ են ուզում դրանով ասել, քաղաքական ճնշո՞ւմ են գործադրում ՍԴ նախագահի վրա, որ նա հրաժարական տա»:

Հարցին, թե արդյոք Արարատ Միրզոյանի ելույթը դիտարկվում է որպես օրենսդիր մարմնի ճնշում ՍԴ-ի նկատմամբ, Գրիգոր Մուրադյանն ասաց. «Իմ գնահատմամբ՝ այո, միանշանակ, որովհետև ՍԴ-ի մասին օրենքն ուղղակիորեն արգելում է որևէ միջամտություն ՍԴ գործունեության կապակցությամբ: Ուղիղ մեջբերում եմ ՍԴ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ՍԴ դատավորի գործունեության նկատմամբ որևէ ներգործություն արգելվում է և հետապնդվում է օրենքով, մնացյալն իրավապահ մարմինների խնդիրն է»:

Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նիստերին չմասնակցելուն և օրենքով նախատեսված սահմանափակումներին, ապա Գրիգոր Մուրադյանն ասաց, որ կա սահմանափակում, սակայն այդ հարցին ՍԴ-ն կարող է ընթացք տալ այն ժամանակ, երբ դիմի Ազգային ժողովը:

Այս խորագրի վերջին նյութերը