Քաղաքական

16.09.2019 18:14


Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան

Եթե Ադրբեջանի սկզբունքը կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյան

Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, այսինքն՝ եթե այն ընդգրկվի Ադրբեջանի կազմում, եթե իրենց սկզբունքն այդպիսին է՝ կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչվող, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ Արցախը Հայաստան է և վերջ: Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, որ օգոստոսի 5-ին իր հնչեցրած այդ հայտարարությունը մեծ քննարկումների առիթ է դարձել:

Փաշինյանը մինչ այդ նշեց, որ Ստեփանակերտում իր արած հայտարարությունը մեծ ու բուռն քննարկումների առիթ տվեց, բայց օգոստոսի 5-ի հայտարարությանը նախորդել էր Ստեփանակերտում մարտի 12-ի հայտարարությանը, որտեղ ասել էր, որ հայկական կողմը պետք է պարզաբանումներ ստանա, թե ինչ են նշանակում Մադրիդյան սկզբունքները, ինչն է Մադրիդյան սկզբունքների ընձեռնած հնարավորությունների ամպլիտուդը, մասնավորապես՝ Ղարաբաղի կարգավիճակի առումով, որից հետո կարող են ասել՝ սկզբունքներն ընդունելի են, թե ոչ:

«Հաջորդ հարցն այն է եղել, որ ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, ՀՀ-ի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես եղել եմ առաջին ՀՀ ղեկավարը, ով հայտարարություն է արել նաև խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լինելու մասին, ինչի համար քննադատվել եմ: Եվ ես նաև ուղիղ ասել եմ, որ համանման հայտարարություն ակնկալում եմ նաև Ադրբեջանից: Անցել է մեկ տարի, Ադրբեջանի ղեկավարությունը համանման հայտարարություն չի արել, փոխարենն ասել է՝ խնդիրը պետք է լուծել մեկ սկզբունքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասաց նա:

Փաշինյանն, անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարությանը, նշեց, որ եթե այդքան հեշտ էր հիմնախնդիրը լուծելը, պարոն Բրայզան համանախագահ եղած ժամանակ կլուծեր:

Նշենք, որ Մեթյու Բրայզան Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին, մասնավորապես, պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ: Բաքուն շատ է ուզում առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։

Փաշինյանն ասաց. «Բրայզայի ասելով չի: Իմիջիայլոց, Բրայզան ի՞նչ է աշխատում, այնքան նախկին դեսպաններ կան, ճշտենք ինչ է աշխատում Բրայզան, գուցե իր համար ավելի հարմար զբաղմունք կա, որովհետև երբ ինքը համանախագահ էր, դրանից շատ ջրեր են հոսել: Ինքը համոզվա՞ծ է, որ ամեն ինչին բավարար չափով տիրապետում է: Ես, օրինակ, համոզված չեմ»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը