Լրահոս

27.04.2010 12:21


Սոցիոլոգ. «Ղարաբաղցիների 84,4%-ը որևէ փոխզիջման չի գնա»

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի և Արցախի ազատամարտիկների միության երիտասարդական թևի ջանքերով ԼՂՀ Ազգային ժողվի գալիք ընտրություններին նվիրված հատուկ սոցհարցում է անցկացվել։

«Դե ֆակտո» մամուլի ակումբում Ահարոն Ադիբեկյանը նշել է, թե միանշանակ կգա ժամանակը, երբ ղարաբաղցիները բանակցություններին կկանչվեն, սակայն այդ ժամանակ արդեն հստակ որոշում կլինի։ Ա. Ադիբեկյանի կարծիքով՝ ղարաբաղցիները բանակցություններին պետք է մասնակցեն  ոչ թե դրանց վերջին փուլում, այլ  անմիջական բանակցային կողմ լինեն։

Սոցիոլոգիական հարցումներին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 1408 բնակիչ։ Այդ հարցումների ընթացքում պարզ է դարձել, որ ԼՂՀ-ում ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը բավական բարձր է, ինչը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության ակտիվացմամբ։

Ըստ հարցումների՝ ղարաբաղցիների 84,4%-ը որևէ փոխզիջման չի գնա։ Թուրքախոս բնակչության վերաբնակեցմանը դեմ է 93%-ը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման կապակցությամբ ԼՂ հարցում զիջումների հեռանկարներին դեմ է հարցվողների 85%-ը։ ԼՂՀ հակամարտության լուծման հարցում ԼՂՀ բնակչությունն առավելագույնս վստահում է Սերժ Սարգսյանին՝ 28,4%, Բակո Սահակյանին՝ 25%, Մեդվեդև-Պուտինին՝ 9,9 % և Ռոբերտ Քոչարյանին՝ 6,8 %։

Ահարոն Ադիբեկյանը նշել է, թե մոտակա օրերին մեկ հարցում ևս կանցկացվի, ու ավելացրել, թե ինքը հանդես է գալու ղարաբաղյան հակամարտության լուծման իր տարբերակով, որն առավելագույնս արտահայտելու է ղարաբաղցիների, այլ ոչ թե գերտերությունների տեսակետն ու մտադրությունը։

Նա նշել է, որ 2007թ. փոխզիջումների վերաբերյալ հարցին ընդհանրապես պատասխանող չի եղել։

Ադիբեկյանի հաղորդմամբ՝ Արցախում փոխզիջումների նկատմաբ երիտասարդներն ավելի արմատական են տրամադրված, քան մեծերը, որոնք ավելի են հակված ճկուն որոշումների։ Նվազել է նաև Հայաստանին միանալ ցանկացողների թիվը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը