Լրահոս

15.09.2019 19:54


«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը

«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը

Մաուգոժատա Լուժինցկան և Պյոտր Բարլոգան արդեն երկու տարի է՝ միասին էին ապրում: Տուն էին կառուցում, պատրաստվում ամուսնանալ, երազում էին երեխաներ ունենալու մասին: Սիրում էին ճամփորդել, բացահայտել նոր վայրեր. այս երկու տարիների ընթացքում հասցրել էին 20 երկիր այցելել: Հայաստանի մասին շատ էին լսել, բայց չէին եղել: Որոշել էին՝ համատեղ հաջորդ ուղևորությունը պիտի հենց դեպի Հայաստան լինի:

Լեհ զույգը Հայաստան էր ժամանել երեքշաբթի օրը՝ վաղ առավոտյան:

«Մենք լեռների սիրահար ենք. Արագած բարձրանալը Պյոտրի միտքն էր. համացանցում հետաքրքիր տեղեկություններ էր կարդացել, որ դա քայլարշավի համար լավ տեղ է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Մաուգոժատան:

Նա վերհիշում է Արագած բարձրանալու ու սարսափելի միջադեպի մանրամասները: Ասում է՝ Պյոտրն առջևից էր քայլում.

«Պյոտրը հանկարծակի կանգ առավ, դեպի աջ թեքվեց ու բարձր գոռաց: Արջը հանկարծակի հարձակվեց նրա վրա, ու նրանք երկուսով սկսեցին գլորվել ներքև»,-պատմում է Մաուգուժատան, որն առաջին վայրկյաններին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում: Ամեն բան շատ արագ է տեղի ունեցել:

«Ես կարծում էի, թե արջը երկուսիս էլ կուտի: Բայց նրանք գլորվեցին, հետո արջը մի կողմ փախավ: Երևի թե կատարվածից ինքն էլ էր վախեցել: Ես մոտեցա Պյոտրին ու 911 զանգահարեցի, բայց արդեն ուշ էր»,-պատմում է Մաուգոժատան:

Ասում է, որ ամեն բան շատ արագ է տեղի ունեցել՝ մոտ 1 րոպեում: Կատարվածից անմիջապես հետո աղջիկը կապ է հաստատել Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ: Հայաստանում ընկերներ էլ ունի, ովքեր օգնում են կարգավորել բոլոր փաստաթղթային հարցերը՝ սիրելիի մարմինը Լեհաստան տեղափոխելու համար: Ասել են, որ գործընթացը դեռ մի քանի օր կտևի: Մինչ այդ Մաուգոժատան Հայաստանում կմնա:

«Նա իմ կյանքն էր»,-իր տխուր պատմության վերջում ասում է սիրելիին կորցրած լեհուհին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին: Ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։

Հայաստանում որպես զբոսաշրջիկ գտնվող ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ բարձրացել է Արագած լեռ։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։ Երիտասարդը սկսել է կռիվ տալ կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։

Արջը, որն ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխը անճանաչելիորեն ջնջխված է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` արջի հարձակման զոհ դարձած տղամարդը 33 տարեկան էր և ապրում էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: 31-ամյա նշանածը նույնպես Վարշավայի բնակիչ է:

Այս խորագրի վերջին նյութերը