Տնտեսական

15.09.2019 12:13


Եթե վարչապետը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից, ապա փակելու ենք Էրեբունու ավտոշուկան. Ավտոներկրողների միության նախագահ

Եթե վարչապետը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից, ապա փակելու ենք Էրեբունու ավտոշուկան. Ավտոներկրողների միության նախագահ

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից և այս հարցում քաղաքացիների օգտին որոշում չկայացնի, ապա փակելուն ենք Էրեբունու ավտոշուկան, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Իրավիճակը շատ լարված է, ուրիշ ելք չունենք»,-ասաց նա և հույս հայտնեց, որ վարչապետը դրական որոշում կկայացնի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Կառավարության դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիան էին կազմակերպել՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ, և նրանց պատասխանել էին, որ մոտակա օրերին վարչապետը դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են Գյումրիում մաքսատան գործելուն զուգահեռ Երևանում էլ մնա մաքսատուն. «Պետք է չինովնիկներն ընկալեն իրավիճակը, իրենք հեռու են գտնվում իրականությունից և միայն բողոքից հետո են մոտենում խնդիրներին: Եթե իրենք ժողովրդի կողմն են և չունեն անձնական շահեր Գյումրիում, ապա պետք է ժողովրդի օգտին որոշում կայացնեն»:

Ավտոներկրողների միության նախագահն ասաց, որ ՊԵԿ նախագահի տեղակալը նույնիսկ հայտարարություն է արել, որ Գյումրիում ավտոշուկա են ցանկանում կառուցել, ինչը վրդովվեցրել է ավտոներկրողներին, քանի որ որպես առևտուր անող քաղաքացիներ չենք կարողանա մեքենաները թողնել Գյումրիում ու գալ տուն՝ Երևան: Ըստ նրա` դա ընդհանրապես աբսուրդ է:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ եթե իրենց չբավարարող պատասխան տրվի, իրենք Էրեբունու ավտոշուկան փակելու են. «Սեփականատերերի հետ ենք խոսել և հազարավոր ավտոներ դուրս կգան և կփակեն ճանապարհները: Ես ափսոսանք եմ հայտնում, որ վարչապետի խորհրդականները շատ անփորձ, անխիղճ մարդիկ են»:

Ըստ նրա՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու արդյունքում վթարներն են ավելանալու և դրա համար բոլորը մեղադրելու են վարչապետին:

Այս խորագրի վերջին նյութերը