Տնտեսական

27.04.2010 09:52


2010թ. փետրվար ամսվա խոշոր հարկ վճարողները

2010թ. փետրվար ամսվա խոշոր հարկ վճարողները

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի փետրվար ամսին նախորդ տարվա փետրվար ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ: Նշված հանգամանքը հիմնականում պայմանավորված է նրանով, որ տնտեսությունը աստիճանաբար թոթափելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը վերականգնում է նախորդ տարիներին արձանագրված զարգացման տեմպերը: Մասնավորապես.

1.Իրացումից հասույթը 2010թ.-ի փետրվար ամսին կազմել է 143.2 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ գրանցվել է աճ 19.9%-ով: Ընդ որում հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 202 կազմակերպությունների մոտ, որոնցից առավել խոշոր 10 կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»,  «Ալեքս Գրիգ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ռուսալ Արմենալ», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Արմենիան քափըր փրոգրամ», «Սիթի պետրոլ գրուպ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան») մոտ իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվար ամսվա նկատմամբ աճել է 21.3 մլրդ. դրամով: Իսկ թվով 120 կազմակերպությունների մոտ արձանագրվել ցուցանիշի նվազում, որոնցից միայն «Արդշինինվեստբանկ», «Գրանդ կոմերց» և «Գլենդել Հիլզ» ընկերությունների մոտ ընդհանուր առմամբ իրացումից հասույթը այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվար ամսվա նկատմամբ նվազել է մոտ 3.1 մլրդ. դրամով:

2. Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա փետրվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 55.1 %-ով և կազմել է շուրջ 53.4 մլրդ դրամ: Այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից, որոնցից խոշորոգույն ութ ընկերությունների («Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Օրանժ Արմենիա», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Ֆլեշ», «Արմսվիսբանկ», «Եվրոպա», «Բյուրակն», «Ալեքս Գրիգ») կողմից ներմուծման ծավալները 2010թ.-ի փետրվարին նախորդ տարվա փետրվար ամսվա նկատմամբ աճել է 14.2 մլրդ. դրամով: Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմեատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի փետրվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 49.9%-ով և կազմել 9.9 մլրդ դրամ:

3. Արտահանման ծավալները 2010թ.-ի փետվարին կազմել է 19.8 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 9.5 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 9.3 մլրդ դրամով: Այսպես, արտահանմամբ զբաղվող խոշորագույն ութ կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ռուսալ Արմենալ», «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի», «Նաիրիտ գործարան», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ») կողմից արտահանման ծավալները 2010թ.-ի փետրվար ամսին ընդհանուր առմամբ կազմել է 14.9 մլրդ դրամ նախորդ տարվա փետրվար ամսվա 5.1 մլրդ. դրամի փոխարեն կամ ավել 9.8 մլրդ դրամով:

4. Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 15.0 մլրդ. դրամ կամ ավել նախորդ տարվա փետրվարից 3.8 մլրդ դրամով:  Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 344 կազմակերպությունների կողմից 2010թ.-ի փետրվար ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 50.8 %-ը: Համեմատության համար նշենք, որ «Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ», «ՀԱԷԿ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Օրանժ Արմենիա», «Հայբիզնեսբանկ», «Ամերիաբանկ», «Երևանի ջերմաէլեկտրակայան», «Ի ԷՄ ԷՅՋ Քոնսթրաքշն», «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» և «ՎՏԲ-Հայաստան բանկ»  ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2010թ.-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պետական բյուջե 2.2 մլրդ. դրամով ավել հարկային վճարումներ է կատարվել:

5. Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի փետրվարին կատարվել են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 55 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 226.0 մլն. դրամի չափով:

6. Աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 0.3 %-ով և կազմել 108245 մարդ: Միաժամանակ, հարկ է նշել, որ զուգահեռաբար աճել է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա փետրվարին արձանագրվել է 10.9 % աճ նախորդ տարվա փետրվար ամսվա նկատմամբ:

7. 01.03.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողները ունեցել են 60.7 մլրդ դրամ գերավճար, այդ թվում' ավելացված արժեքի հարկի գծով' 42.6 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն' 9.0 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի փետրվար ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1.4 մլրդ. դրամի չափով:

Ըստ «Հարկային ծառայության»

Այս խորագրի վերջին նյութերը