Աշխարհ

13.09.2019 16:39


Ինչ է ենթադրում ԱՄՆ–ից Ադրբեջանին 10 մլն դոլարի օգնությունը․ Razm.info

Ինչ է ենթադրում ԱՄՆ–ից Ադրբեջանին 10 մլն դոլարի օգնությունը․ Razm.info

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը՝ «Պենտագոնը», հրապարակել է 2019թ. սեպտեմբերի իր գործարքների ցանկը, որոնցից մեկով շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ օժանդակություն է նախատեսվում Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք «Ռազմինֆոյի» դիտարկումները:

Ըստ «Պենտագոնի» զեկույցի՝ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը գումար է տրամադրել ամերիկյան VSE Corporation ընկերությանը, որպեսզի այն Կասպից ծովում Ադրբեջանի ծովային անվտանգության համար հակահաբեկչական ու հետախուզական սարքավորումներ տրամադրի Ադրբեջանին, ինչպես նաև կազմակերպի դասընթացներ:

Նախատեսվում է ծրագիրը ավարտել 2020-ի սեպտեմբերին, ընդ որում՝ աշխատանքի 88%-ը կատարվելու Է ԱՄՆ-ում, իսկ 12%-ը՝ Ադրբեջանում:

Դատելով բաց աղբյուրներում առկա տեղեկություններից, ինչպես նաև հենց VSE ընկերության կայքից՝ այդ ընկերությունը մատուցում է ինքնաթիռների, ուղղաթիռների, անվավոր տեխնիկայի ու նավերի սպասարկման, պահպանման, վերանորոգման, լոգիստիկ ծառայություններ, ինչպես նաև այդ ոլորտներում ինժեներական ու ուսուցման ծառայություններ: Ընկերության պայմանագրերը ԱՄՆ տարբեր գերատեսչությունների ու օղակների հետ վերաբերում են նշված ոլորտներին (1, 2, 3)

Դատելով «Պենտագոնի» պատվերից՝ Ադրբեջանին ծառայություններ են մատուցվելու նավերի սպասարկման կամ վերանորոգման ոլորտում, ինչպես նաև պատրաստելու են ադրբեջանցի մասնագետներին: Հաշվի առնելով, որ աշխատանքների մեծագույն մասը անկացվելու են հենց ԱՄՆ-ում, կարելի է ենթադրել, որ դրանք վերաբերում են ուսուցման ծրագրերին, և ադրբեջանցի մասնագետները պատրաստվելու են ԱՄՆ-ում:

Ադրբեջանում ծովային, առափնյա անվտանգության գործառույթներ ունեն ռազմածովային ուժերը և պետական սահմանապահ ծառայությունը:

ՌԾՈւ սպառազինությունը հագեցած է հիմնականում ԽՍՀՄ ժառանգություն մնացած նավերից, իսկ ՊՍԾ պարկը՝ տեղում հավաքված ավելի թարմ իսրայելական OPV 62 և ավելի փոքր «Շալդագ ՄԿ V» պարեկային նավերից: Պարզ չէ, թե որ գերատեսչությանն են ուղղվելու միջոցները, սակայն, դատելով որոշ հանգամանքներից, առավել հավանական է, որ դրանք կուղղվեն ՊՍԾ-ին:

Հատկանշական է նաև, որ սա Ադրբեջանի և VSE ընկերության համագործակցության առաջին փորձը չէ: Այդ ընկերության 2007թ. տարեկան զեկույցից պարզ է դառնում, որ իրենց աշխատակիցը Ադրբեջանում մատուցել է ՊՍԾ նավերի պահպանման/սպասարկման ծառայություններ:

Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանին օգնությունը տրամադրվում է «Պենտագոնի» Foreign Military Sales ծրագրի շրջանակներում: Նախկինում այս ծրագրով Ադրբեջանին օժանդակություն տրամադրելու մասին մեզ հայտնի չի եղել: Ավելին՝ ԱՄՆ արտաքին օգնության մասին տվյալներ գեներացնող SecurityAssistance.org կայքում 2019-20թթ-ին այդ ծրագրով Ադրբեջանին հատկացվելիք օգնության մասին տվյալներ չկան:

ԱՄՆ-ն Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանին, ռազմական և իրավապահ որոլրտներում օժանդակում է մի շարք այլծրագրերով ևս: Մասնավորապես՝ 2018 ֆիսկալ տարում Ադրբեջանին է տրամադրվել շուրջ 59, իսկ 2019թ. ֆիսկալ տարվա համար նախատեսված է $42 մլն ԱՄՆ դոլար: Ադրբեջանի օժանդակության մեծագույն մասը՝ $101,515,000, տրամադրվում է Section 333 Authority to Build Capacity ծրագրով, որը նախատեսում է նյութական օգնություն և պարապմունքներ հակաահաբեկչական, կազմակերպված հանցավորության և թմրաշրջանառության դեմ պայքարի, առափնյա և սահմանային անվտանգության, ռազմական հետախուզության ոլորտներում:

Հայաստանին 2018-ին տրամադրվել է շուրջ 4, իսկ 2019 և 2020 ֆիսկալ տարիներին Հայաստանի համար նախատեսվում է համապատասխանաբար՝ 2,8 և 2,1 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն։

Այս խորագրի վերջին նյութերը