Լրահոս

13.09.2019 15:22


Տարօրինակ պատմության հետքերով. «Իմ ձայնը» ՀԿ-ի և «Այլընտրանքային նախագծեր խմբի» հետաքննությունը

Տարօրինակ պատմության հետքերով. «Իմ ձայնը» ՀԿ-ի և «Այլընտրանքային նախագծեր խմբի» հետաքննությունը

ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը քաղաքացի Յու. Վարդանյանին պետք է փոխհատուցի 1.6 մլն եվրո։ Այս թեման ձգձգվում է արդեն երկար տարիներ. դեռևս 2016 թվականից կառավարությունը բանակցությունների մեջ էր գումարի չափի շուրջ։ Սա չի կարելի ներկայացնել ո՛չ որպես անակնկալ, ո՛չ էլ որպես նոր իշխանության պարտություն։ Դառնալով ՄԻԵԴ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի նման վճիռների։ Դա բացառապես պետության զարգացման ճանապարհն է։

Մի փոքր նախապատմություն

Մեր այսօրվա փոքր հետաքննական նյութը, սակայն, քիչ կապ ունի ՄԻԵԴ-ի բուն վճռի հետ։ Այս պատմությունն ունի շատ ավելի անհասկանալի և մութ կողմեր։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը, իսկ ավելի կոնկրետ տուժող քաղաքացիներին Հայաստանի կողմից փոխհատուցմանը, հայտարարում է իբր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու մասին,ասում, թե այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո։ Պատգամավորի տեսակետը սկսում են տիրաժավորել ևս մի քանի հանրային դեմքեր՝ մի քանի լրատվամիջոցներով։ Պատգամավորը պահանջում է իրավապահներից՝ քրեական գործ հարուցել կառուցապատողի՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնի հայտարարությունների հիման վրա։ Ահա այստեղից սկսվում է պատմությունը։

Անդերսոնը տարիներ առաջ սկայպ-հարցազրույցում պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար կաշառել է քաղաքապետարանի ներկայացուցիչներին, նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները: Խոսքը բավականին մեծ թվերի մասին է (ես դիտմամբ կանգ չեմ առնում մանրամասների վրա, քանի որ նրա ասածները մամուլում հրապարակվել են, և իմ ասելիքի շեշտը այս պահին դա չէ)։

Պավել Անդերսոնի գործընկեր Սիմոն Աղազարյանը հայտարարում է, որ Անդերսոնի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: «Նա մանթրաշ է, որ երկիրն իր ձեռքից լոտը վերցրեց (նկատի ունի այն, որ քաղաքապետարանը լուծել է «Վիզկոնի» հետ կնքած պայմանագիրը եւ կառուցապատման իրավունքը նրանից վերցրել): Պավել Անդերսոնն իսկի 500 դրամ իրա մազերի համար չի տվել. ես էի 500-ից 5000 դրամ տալիս, որ մազերը կտրեր, ուր մնաց 550 հազար դոլար կաշառք տար»,- նշել է Աղազարյանը «Հետքի» հետ զրույցում:

Մարդ, որը վարսավիրանոց գնալու համար պարտք էր վերցնում, հանկարծ հայտարարում է, թե հարյուր հազարներով կաշառքներ է բաժանել։ Ինչ-որ տեղ սա հիշեցնում է Սիլվայի հայտնի պատմությունը։ Բայց սա՛ էլ չէ մեզ համար կարևոր։

Հետագայում սկայպով տված հարցազրույցներում Պավել Անդերսոնը նշում է մի շարք այլ անձանց, հիմնականում՝ դատավորների անուններ, որոնց կաշառք է տվել։ Օրինակ՝ այդ նույն Յուրի Վարդանյանի գործով իբր անձամբ է կաշառել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ վճարելով 5 000 ԱՄՆ դոլար: Հետո՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյանին և այլն։

Ի թիվս այլոց՝ Պավել Անդերսոնը հայտարարում է, որ ժամանակին կայացել է իր հանդիպումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ, և վերջինս իրեն իբր հորդորել է 100 հազար դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ժամանակին բոլոր վերը նշված անձիք հրապարակավ և փաստերով հերքել են Պավել Անդերսոնի հայտարարությունները։ Հերքել են նաև Պավել Անդերսոնի գործընկերները։

Ժամանակին արդեն փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գրասենյակը ևս պաշտոնապես հերքել է Պավել Անդերսոնի հայտարարությունը՝ հավաստիացնելով. «Հայտնում ենք, որ Արմեն Գևորգյանը՝ ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմում, այնպես էլ՝ ներկայիս զբաղեցրած պաշտոնում աշխատելիս, երբևէ որեւէ մեկին չի առաջարկել վճարում կամ նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամի հաշվին»:

Իսկ Անդերսոնի նախկին բիզնես-գործընկեր Սիմոն Աղազարյանի՝ նույն իրադարձության կապակցությամբ արված հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին պատկան մարմինները, այդ թվում՝ նախագահի աշխատակազմը, ավելի շատ մտահոգված են եղել Յուրի Վարդանյանի իրավունքների պաշտպանության խնդրով:

Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում, ինչից Յուրի Վարդանյանը, ի դեպ, հրաժարվել է, «Վիզկոն» ՍՊԸ-ն իբրև փոխհատուցում առաջարկել է 200 հազար դոլար և կառուցվելիք նորակառույց շենքում 700 քմ մակերեսով տարածք: Հետագա հարցազրույցում Պավել Անդերսոնն ընդունում է, որ իր արարքներով, մասնավորապես՝ կաշառելով, կատարել է հանցագործություն:

Հատկանշական է, որ այսօր ուղղորդված քննարկումը ծավալվում է միայն Անդերսոնի ասվածի շուրջ, և անտեսվում են մամուլի նույն հրապարակման մեջ արված՝ դրանք հերքող հայտարարությունները:

Ակնկալում ենք պրն. Վանեցյանի ուշադրությունը

Հիմա՝ ամենակարևորի մասին։ Այս զուտ դատաիրավական պատմությունը մեզ, անկեղծ ասած, շատ չի հետաքրքրում, բայց այն ունի այլ մութ կողմեր, և մեր պետության համապատասխան կառույցները, կարծում եմ, պետք է շատ ուշադիր լինեն՝ ավելի կարևոր բան բաց չթողնելու համար։ Վստահ եմ նրանց պրոֆեսիոնալիզմի վրա։

Դեպքերի հերթականությունն այսպիսին է. քաղաքացի Յու. Վարդանյանը դիմում է ՄԻԵԴ, հայտնվում է ոմն Պավել Անդերսոն, որը հայտարարում է, թե աջուձախ կաշառք է տվել բարձրաստիճան պաշտոնյաների, անթաքույց փորձում է դրսում վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Հարցազրույցները տալիս է սկայպով՝ արտերկրից, և որոշ տեղեկությունների համաձայն, հիմա Պավել Անդերսոնի ակտիվացման նոր փուլ է նկատվում։ Կա վարկած, որ դա կապվում է ԱՄՆ այցի ընթացքում կայացած՝ ՀՀ նոր իշխանությունների որոշ պաշտոնյաների և Պավել Անդերսոնի՝ հնարավոր կոնտակտների հետ։

Հարց. եթե Պավել Անդերսոնն այդքան իրազեկ է և այդքան ծանրացուցիչ մեղադրանքներ է ներկայացնում, և այդքան կարևոր է, ապա ինչո՞ւ չի հրավիրվում Հայաստան՝ նոր, արդար իրավապահ համակարգին օգնելու՝ բացահայտելու ամբողջ իրականությունը։ Հենց այս հարցը մեզ ստիպեց ավելի խորը գնալու։

Իսկ պատասխանը շոկային է.

Պավել Անդերսոնը չի կարող գալ Հայաստան, քանի որ նա գտնվում է հետախուզման մեջ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նա մեղադրվում է խարդախության մեջ։ Նա սովորական խարդախ է, որը նույն մեքենայություններն անում է տարբեր երկրներում։ Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում պաշտոնապես նա հետախուզման մեջ է։ Ավելին՝ ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում Անդերսոնը հետախուզվում է որպես ադրբեջանցի (կից ներկայացվում ենք screenshot-ը): Այո, ՌԴ ՆԳՆ պաշտոնական տեղեկանքներում նրա ազգությունը նշված է՝ ադրբեջանցի։ Միջազգային խարդախ, ազգությամբ՝ ադրբեջանցի Պավել Անդերսոնը իր հարցազրույցներով կարողացավ իր հետևորդ դարձնել «Իմ քայլի» պատգամավորներից ոմանց և մի քանի հանրային դեմքերի։ Սկսեց Հայաստանում ձևավորել դատաիրավական օրակարգ։ Եւ չի բացառվում, որ նրա ասածների հիման վրա էլ՝ «Իմ քայլի» պատգամավորի դիմումով, քրեական գործ հարուցվի։ Միջազգային խարդախ ադրբեջանցին, ՌԴ կողմից տարիներ ի վեր հետախուզման մեջ գտնվող անձը Հայաստանում դատաիրավական օրակարգ է թելադրում։

Ես չեմ բացառում, որ մենք գործ ունենք լավ մշակված տեղեկատվական դիվերսիայի հետ։ Ի դեպ, ուսումնասիրելով հետախուզվող ադրբեջանցու ֆեյսբուքյան էջը, կնկատեք նրա հայաստանցի ընկերներին՝ «Իմ քայլից» ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյան, Ծովինար Վարդանյան, պատգամավոր Հայկ Գևորգյանի որդին՝ Վահագն Գևորգյանը, ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը և այլն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Անդերսոնը խնդիրներ ունի իրավապահների հետ նաև մեկ այլ կարգի՝ արդեն անձի դեմ ուղղված ապօրինի գործողությունների դրվագով։ Ի դեպ՝ օրեր առաջ ԱՄՆ-ում մանկապղծության մեջ մեղադրանք է առաջադրվել իբր իրավապաշտպան, իբր հետաքննող լրագրող Արա Մանուգյանին, որը երկար տարիների համարվում էր «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ամենամոլեռանդ թշնամին։ Անում էր ամեն ինչ՝ հիմնադրամը վարկաբեկելու և նվիրատվությունները պակասեցնելու համար։ «Հայաստան» Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը միշտ պնդում էր, որ սույն անձը աշխատում է ադրբեջանցիների հետ և ունի հատուկ առաքելություն՝ վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Արդյո՞ք սա կհետաքրքրի ԱՄՆ իրավապահներին, դժվար է ասել. նրանց համար ավելի կարևոր է մանկապղծությունը։ Բայց Հայաստանում պետք է որ ուշադիր լինենք։ Անդերսոնն անում է նույն բանը։

Մի քանի այլ նկատառում ևս.

Հայաստանյան զլմ-ներին տրված հարցազրույցներում Անդերսոնը երբևէ հստակ չի պատասխանում հարցին, թե ինչո՞ւ չի կարող գալ ՀՀ և պաշտոնապես դիմել իրավապահներին։ Հարցազրույցներում նաև երբևէ չի նշվում նրա քաղաքացիությունը. այդ մասին չի խոսում ինքը՝ Անդերսոնը, չեն հարցնում նաև լրագրողները, որոնց կարծես թե այդ հարցը չի էլ հետաքրքրում։

Անդերսոնի տարբեր հարցազրույցներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ, ԱՄՆ-ում հայտնվելով, նա փոխել է իր անձնական տվյալները։ Արդեն նոր տվյալներով նա եկել է Հայաստան և այստեղ սկսել իր այսպես կոչված ներդրումային գործունեությունը։ Արդեն որպես «Պավել Անդերսոն» է նա հայտնվել կոնֆլիկտային իրավիճակներում թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա փոխել անձնական տվյալները։

Հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյո՞ք մեր իրավապահները տիրապետում էին նրա անձի մասին այստեղ նշված տեղեկատվությանը։ Եթե մեզ հաջողվել է միանգամայն հասանելի աղբյուրներից ստանալ այն, ապա իրավապահների համար դա առավել ևս հեշտ է։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթերով է նա իրականացրել իր գործունեությունը ՀՀ-ում, օրինակ՝ հիմնադրել «Վիզկոն» ընկերությունը։ Որպես ո՞ր երկրի քաղաքացի է նա հանդես եկել։

Մեր ձեռքում է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի նամակը ՀՀ գլխավոր դատախազին՝ հետևյալ հարցաշարով.

Կա՞ն արդյոք ՀՀ-ում հարուցված քրգործեր՝ անմիջականորեն Պավել Անդերսոնի դեմ, եթե այո, ապա ե՞րբ ու ի՞նչ հոդվածներով են հարուցվել և այժմ ի՞նչ կարգավիճակում են գտնվում այդ քրգործերը։

Ներգրավվե՞լ են արդյոք պարոն Անդերսոնը կամ իր ընկերությունը որևէ դատավարական կարգավիճակով՝ վկա, մեղադրյալ, կասկածյալ, տուժող, ՀՀ-ում հարուցված որևէ այլ քրգործում։ Կա՞ն արդյոք այդ առնչությամբ օրենքի ուժ ստացած դատական ակտեր։

Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնը գտնվում է հետախուզման մեջ․ եթե այո, ապա ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պատճառով է նրան հետախուզում հայտարարել։ Արդյո՞ք նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։

Ձեռնարկե՞լ են արդյոք ՀՀ իրավապահ մարմինները անհրաժեշտ գործողություններ՝ Պավել Անդերսոնի գտնվելու վայրը հայտնաբերելու և նրան ՀՀ վերադարձնելու ուղղությամբ, հատկապես՝ սոցցանցերում նրա հայտնի հարցազրույցի հայտնվելուց հետո։

Գլխավոր դատախազությունից ստացվել է հետևյալ պատասխանը. Ձեր կողմից փնտրվող տեղեկատվության տրամադրումը ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից դուրս է, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների համաձայն, առաջարկում եմ նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ ոստիկանություն»։ Ինչը և լրատվամիջոցը արել է՝ ավելի հստակ պատասխանի ակնկալիքով։

«Իմ ձայնը» հասարակական կազմակերպություն

«Այլընտրանքային նախագծեր խմբի» հետ համատեղ

Այս խորագրի վերջին նյութերը