Աշխարհ

12.09.2019 22:09


Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման

Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման

Թուրքական «Bir Gün» թերթի թղթակից Բարըշ Ինջեն հանրապետության նախագահին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։

Դեռ 2014թ․ հեղինակած մի հոդվածի պատճառով Ինջեի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործ էր հարուցվել։ Այդ գործի շրջանակներում լրագրողը ինքնապաշտպանական ելույթ էր ներկայացրել դատարանին, որը նա նաև հրապարակել էր մամուլում։

«Իմ ասելիքը թաքնված է այս տողերի սկզբնատառերում», -ասել էր Ինջեն՝ հրապարակելով իր ելույթը։ Իսկ այդ տեքստի պարբերությունների առաջին տառերով հեղինակն ակրոստիքոսի սկզբունքով գրել էր «Գող Էրդողան» (Hırsız Erdoğan)։

Տեքստի հրապարակումից հետո Բարըշ Ինջեի դեմ նույն մեղադրանքով երկրորդ գործն էր հարուցվել, որի շրջանակներում դատարանը լրագրողին մեղավոր էր ճանաչել։ Ինջեն բողոքարկել էր վճիռը, ինչից հետո վճռաբեկ դատարանը չեղարկել էր այն և նոր լսումներ նշանակել։ Սեպտեմբերի 12-ին գործով կայացած վերջին նիստի ժամանակ դատարանը դարձյալ Ինջեին մեղավոր է ճանաչել՝ նրան դատապարտելով գրեթե 1 տարվա ազատազրկման։

Հայտնի է սակայն, որ վճիռի իրագործումը պայմանականորեն հետաձգվել է։

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը