Լրահոս

11.09.2019 20:17


Էպիլեպսիայով հիվանդ երեխան մահացել է ցրտից

Էպիլեպսիայով հիվանդ երեխան մահացել է ցրտից

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում էպիլեպսիայով հիվանդ 15-ամյա Արեգան մահացել է ցրտից, բռնության որևէ դեպք չի եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն կան։ Դեռևս գրավոր պատասխանը չեն տվել, բայց դատաբժշկի խոսքով բռնություն չկա։ Երեխան անձրևի, ցրտի տակ մնալով` թուլացել է և իր մահով մահացել»,-նշեց Հակոբ Ավետյանը։

Մեր այն հարցին արդյոք այդ ընթացքում երեխայի մոտ սկսվել են նաև հիվանդության նոպաները, համայնքի ղեկավարն ասաց, որ նոպաներ միշտ ունեցել է, բայց մահվան պատճառը դա չէ․ «Երեխան ձեռքերը քաշել էր սվիտերի թևերի մեջ, ինչպես մրսելիս են անում, փորձել է այդ վերջին պահին պաշտպանել իրեն ցրտից։ Արդեն զգացվում է, որ սառել է։ Թուլացել է և ընկել, իսկ եթե նոպաներից լիներ, այդ վիճակը չէր կարող լինել»,-նկատեց Հակոբ Ավետյանը։

Գեղամասար համայնքի ղեկավարի փոխանցմամբ, երբ երեխային գտել են, նրանից մի քանի մետր հեռավորության վրա հավաքած ծաղիկներ են եղել․ «Ինքն այլևս չի էլ գիտակցել՝ ինչ է իր հետ կատարվում։ Ծաղիկներ է հավաքել, խաղացել։ Նրա ոտնամաններից մեկն էլ այդ ծաղիկների մոտ էր»,-հավելեց Հակոբ Ավետյանը՝ ընդգծելով, որ թուլացած վիճակում երեխան արդեն կծկվել նստել է։

Հիշեցնենք, որ չորս օր շարունակ իրավապահների կողմից որոնվող էպիլեպսիայով հիվանդ 15-ամյա Արեգային սեպտեմբերի 10-ին հայտնաբերել են մահացած։ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի փոխանցմամբ երեխային գտել են Կուտական գյուղից 6 կիլոմետր դեպի սարը։
Երեխայի անհետ կորելու մասին ահազանգն ստացվել էր սեպտեմբերի 6-ին։

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել էին որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: Աշխատանքներում ներգրավված էին 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ։

Այս խորագրի վերջին նյութերը