Լրահոս

11.09.2019 15:56


Արդարացված Նորատուսցի Ալիկը Վերաքննիչի կողմից մեղավոր ճանաչվեց (տեսանյութ)

Արդարացված Նորատուսցի Ալիկը Վերաքննիչի կողմից մեղավոր ճանաչվեց (տեսանյութ)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ հրապարակեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի գործով որոշումը։

Դատարանը որոշեց մերժել Չարբախցի Գեղամի պաշտպան Միհրան Պողոսյանի վերաքննիչ բողոքը, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը մասնակի բեկանեց։ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց դիտավորությամբ առողջությանը միջին վնաս պատճառելուն դրդելու համար և դատապարտեց 4 տարվա ազատազրկման. պատժին հաշվակցեց կալանքի տակ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը, սակայն համաներման հիմքով նրան ազատեց պատժի կրումից։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջում էր Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ 2018թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով՝ Ալիկ Բանդուրյանը արդարացվեց եւ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից, Պետրոս Իսրայելյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար եւ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից, իսկ Ալիկ Բանդուրյանի թիկնապահը՝ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը արդարացվեց։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը