Քաղաքական

08.09.2019 11:17


«ՌԴ-ն, Զախարովայի հայտարարությամբ, իրականացրել է համանախագահ երկրի իր գործառույթը»․ Լուկիանով

«ՌԴ-ն, Զախարովայի հայտարարությամբ, իրականացրել է համանախագահ երկրի իր գործառույթը»․ Լուկիանով

«Զախարովայի հայտարարությունը պետք է ընկալել՝ որպես համանախագահ երկրի դիտարկում»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Մ. Զախարովան անդրադառնալով Ստեփանակերտում օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նշել էր, որ շատ դժվար է հետ բերել կամ վերադառնալ բանակցային գործընթացի նախկին դիրքերին այն հայտարարություններից հետո, որոնք կարող են հավասարակշռությունից հանել բանակցային փխրուն գործընթացը։

Ըստ նրա, ժողովրդավարական պետությունում մարդիկ ցանկացած թեմայով ազատ արտահայտվելու իրավունք ունեն, բայց ցանկալի է, որ այդ հայտարարություններն ուղղված լինեն Ղարաբաղում խաղաղ կարգավորմանն արագ հասնելուն։

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ Մ. Զախարովայի այս դիտարկումները պետք է ընկալել՝ որպես համանախագահ երկրի ներկայացուցչի գնահատական, որի դերն է՝ նման դեպքերում հավասարակշռել իրավիճակը՝ թույլ չտալով հայտարարություններ, որոնք կարող են սխալ ընկալվել հակառակորդի կողմից, հանգեցնելով ներկայումս ստեղծված քիչ թե շատ բարենպաստ մթնոլորտի խախտում։

«Եթե անդրադարձն այլ հայտարարությանը լիներ, գուցե կարիք լիներ այլ կերպ մեկնաբանել։ Բայց սա կոնկրետ բանակցային գործընթացին է վերաբերում, և Մոսկվան այս դեպքում իրեն դիրքավորում է՝ որպես միջնորդ, և ոչ՝ որպես ռազմավարական դաշնակից։ Բոլոր համանախագահ երկրների գործառույթն է՝ անդրադառնալ և կասեցնել բոլոր այնպիսի հայտարարությունները, զարգացումները, որոնք կարող են բացասական երանգ հաղորդել բանակցություններին։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պարզաբանում հնչեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից, կարող ենք ասել, որ ուրեմն կար պարզաբանման կարիք, թե ինչ կոնտեքստում էին ասվել այդ տողերը, որոնք Ադրբեջանում բուռն արձագանքների արժանացան։ Մենք մշտապես համանախագահ երկրներին մեղադրում ենք պասիվ աշխատելու և ժամանակին չարձագանքելու մեջ, իսկ երբ լինում են ժամանակին արձագանքներ, ապա դրանք դիտարկվում են՝ որպես «խայթոցներ»: Այնինչ պետք է հասկանալ, որ ՌԴ-ն, բացի ռազմավարական դաշնակցից, համանախագահ երկիր է և ունի ստանձնած պարտավորություններ»,-ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում գուցե կան տարընթերցումներ որոշ հարցերի շուրջ։ «Բայց, ինչպես տեսնում ենք, այդ տարընթերցումներին զուգահեռ՝ պետություններն աշխատում են իրենց օրակարգով։ Ռուսաստանը, ինչպես տեսնում եք, չի միջամտում ներքաղաքական զարգացումներին որևէ կերպ, ինչը բավականին դրական երևույթ է ՌԴ արտաքին քաղաքականության համար։ Մշտապես կա այդ վախը, որ այս կամ այն հայտարարությունը Ռուսաստանի կողմից ներքին կյանքին միջամտություն է, բայց ոչ, չկա որևէ միջամտություն»,-ասաց վերլուծաբանը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը