Լրահոս

07.09.2019 22:58


Արմեն Գյուլբուդաղյանց. Կփորձենք վաղվա խաղում նույն էմոցիաներն ու ագրեսիվությունը ցույց տալ

Արմեն Գյուլբուդաղյանց. Կփորձենք վաղվա խաղում նույն էմոցիաներն ու ագրեսիվությունը ցույց տալ

Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դրական է տրամադրված Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիայի հետ տնային խաղից առաջ: Կարևոր հանդիպումից մեկ օր առաջ մեր ընտրանու մարզիչը պատասխանեց լրագրողների հարցերին՝ խոսելով մի շարք առանցքային թեմաների շուրջ:

-Իտալիայի հետ խաղը շատ էմոցիաներ խլեց: Արդյոք հնարավո՞ր է եղել էմոցիոնալ առումով վերականգնել թիմին ու տրամադրել, որ նույն ագրեսիվությամբ ու ցանկությամբ նաև առաջիկա խաղին դուրս գաք:

-Իտալիայի հավաքականի հետ խաղում թիմը շատ մեծ էմոցիաներ, ուժ ծախսեց: Մենք էլ փորձում էինք քաջալերել տղաներին, որ 2 օրից խաղ կա: Բայց ամենակարևորը՝ երբ տղաները հասնում են այս մակարդակին, արդեն մոտիվացված են, որ պետք է մեծ արդյունքների հասնեն: Ու դա միայն այս խաղին չի վերաբերվում, այլ իրենց կարիերային: Մենք կփորձենք, որ նույն էմոցիաները լինեն, նույն, աշխատանքը, ագրեսիվությունը լինի: Խաղը ցույց կտա, թե որքան է ստացվել մեզ մոտ:

-Ձեր գլխավորությամբ առաջին խաղերի ժամանակ երկրպագուների կողմից մեծ ճնշում էր գործադրվում Ձեր նկատմամբ: Նույնիսկ հաղթանակից հետո քննադատում էին Ձեզ: Արդյոք շարունակո՞ւմ եք զգալ այդ ճնշումը, թե՞ այն թեթևացել է:

-Քննադատությունն ու ճնշումները մեր աշխատանքի մի մասն են: Աշխարհի լավագույն մարզիչներին էլ են ճնշում: Սովորում ես այդ պայմաններում աշխատել: Հիմա ոչինչ չի փոխվել: Դա ճնշում չէ, դա պատասխանատվության զգացում է: Ես պատասխանատվության զգացում ունեմ, որ թիմը պետք է լավ արդյունքներ արձանագրի, լավ ֆուտբոլ խաղա:

-Կարապետյանը երկրորդ հարկում մեծ ծավալի աշխատանք տարավ, բայց ցավալի կարմիր քարտ ստացավ: Արդյոք ունե՞ք նրան փոխարինողի ավելի բարձրահասակ տարբերակ՝ 2-րդ հարկում շահելու համար:

-Դեռ քննարկում ենք այդ հարցը: Կարող է՝ ավելի բարձրահասակ չլինել, ներքևից կփորձենք խաղալ: Վաղը կորոշենք:

-Մեկ տարի առաջ նշեցիք, որ ուզում եք՝ հավաքականը խաղա արժանապատիվ ֆուտբոլ: Հիմա, եթե նայենք վերջին 2-3 խաղերը նայենք, գուցե հասել եք այդ նպատակին: Առջևում դեռ 2-3 ամիս կա: Դուք ինչ-որ նոր նպատակ կֆիքսե՞ք, որ նոր մակարդակի դուրս բերեք հավաքականին:

-Դա անընդհատ պրոցես է: Պետք է ոչ մի րոպե չկանգնենք, անընդհատ աշխատենք մեզ վրա, կատարելագործվենք: Նշաձողը սկզբից մինչև վերջ էլ եղել է: Մենք խաղից խաղ ենք պատրաստվում, հիմա կոնկրետ մենք կենտրոնացած ենք Բոսնիայի դեմ խաղին, որպեսզի կարողանանք լավ արդյունք ցույց տալ:

-Նախորդ խաղից առաջ ասացիք, որ նախատեսում եք Երջանիկ Ղուբասարյանին հրավիրել հավաքական: Երեկ տեսանք, որ Երիտասարդականում աջ պաշտպան էր խաղում, Մ-19 հավաքականում խաղացել է կենտրոնական պաշտպան, իսկ իր թիմում հենակետային կիսապաշտպան: Դուք նրան ո՞ր դիրքի համար եք դիտարկում:

-Հենակետային կիսապաշտպանի դիրքում էի դիտարկում Երջանիկ Ղուբասարյանին: Բայց ես ուրախանում եմ, որ այս տարիքում ու նույնիսկ այսպիսի խաղերի ժամանակ նրան տարբեր դիրքերում են փորձարկում: Հավատացնում եմ՝ դա իր համար շատ մեծ օգուտ է լինելու:

-Շարունակում ենք պայքարն այս խմբում 2-րդ հորիզոնականի համար: Ի՞նչ եք կարծում, վաղվա հանդիպումը կարո՞ղ ենք ինչ-որ չափով բախտորոշ կոչել այս պայքարում:

-Բոլոր խաղերն էլ բախտորոշ են լինելու: Բայց մենք հիմա կենտրոնանում ենք մեր խաղի վրա, որ լավ խաղանք, նույն տեսակ միասնականությամբ, փորձենք օգնել իրար խաղադաշտում, նույն ագրեսիվ ֆուտբոլը խաղանք, արդյունքներն էլ լավ կլինեն: Իսկ որ լավ եղավ, արդեն միավորները կհաշվենք:

-Սարաևոյում կայացած խաղում մեր հենակետայինները չեզոքացրին: Իտալիայի հետ խաղում նկատվում էր խնդիր միջին գծում: Արդյոք հնարավո՞ր է Արտակ Գրիգորյանի փոխարեն դիարկել ևս մեկ ստեղծագործ ֆուտբոլիստի:

-Սարաևոյում կայացած խաղում Պյանիչին չեզոքացրին ոչ թե մեր հենակետային կիսապաշտպանները, այլ Հենրիխ Մխիթարյանը: Արտակ Գրիգորյանը շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ես նրա խաղից դժգոհ չեմ:

-Հնարավո՞ր է վաղվա խաղում ավելի շատ փոփոխություններ տեսնենք Ձեր կատարմամբ:

-Մարզումից հետո ամեն ինչ պարզ կլինի: Բժիշկները ուշադիր ենք, զննում են բոլորին, քանի որ թեթև վնասվածքներ էլ ունենք, հիվանդ ֆուտբոլիստ էլ ունենք: Տեսնենք՝ ինչպես կվերականգնվեն, ըստ դրա էլ կազմը կորոշենք:

-Արդեն քանի խաղ է՝ համացանցում պարբերաբար քննարկվում է Էրիկ Վարդանյանի հարցը: Ի վերջո, նրա առումով Դուք ի՞նչ պլաններ ունեք: Արդյոք դիտարկում եք ապագայի համա՞ր, թե՞ նրան կտեսնենք խաղադաշտում:

-Էրիկ Վարդանյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Ես իր հետ մեծ հույսեր եմ կապում: Բայց նրա մասին այնպես են խոսում, կարծես նա այս խաղից հետո դառնալու է 29 տարեկան: Նա իր շանսը ստանալու է: Այսպես որ նա է մարզվում, խաղում, վստահ եմ, որ կստանա իր շանսն ո կօգտագործի դա:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը