Լրահոս

24.04.2010 10:34


ՀԱԿ հայտարարություն

1915թ. Արեւմտյան Հայաստանում եւ ողջ Օսմանյան Թուրքիայում սկսվեց եւ ի կատար ածվեց մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ իր հազարամյա բնօրրանում ապրող հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու արտաքսումը։

1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաեւ Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։

Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ եւ օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուշքահայության եւ հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։

Հայ ժողովուրդն այս տարի առաջին անգամ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում է խիստ յուրահատուկ պայմաններում։

Հայաստանում իշխող ներկա վարչախումբը, տաս տարուց ավելի, որպես ելակետ ունենալով միմիայն ապօրինաբար ձեռք բերված իշխանության պահպանման, վերարտադրման ու դրա օգտագործմամբ երկիրն ու ժողովրդին թալանելու խնդիրը՝ այդ նպատակին է ծառայեցրել նաեւ 1915 թ. Ցեղասպանության հարցը։ Արտաքին քաղաքականության հիմքում դնելով՝ քոչարյանասերժական վարչախումբը այն, գիտակցված, դարձրեց սակարկության առարկա՝ դրանից քամելով իր գոյատեւման ապահովման համար անհրաժեշտը առավելագույնը։ Հետեւողականորեն իրագործված անբարո ու դավաճանական այդ ընթացքի այսօր առկա տրամաբանական վերջնակետը երկրի ինքնակոչ ղեկավարի մակարդակով Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու, ըստ էության, ուրանալու փաստն է՝ առարկայացած այսպես կոչված, «Պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման արձանագրված պաշտոնական համաձայնությամբ։ Դրանով թուրքական պետական մերժողական քաղաքականությունն ու դիվանագիտությանը ստացան իրենց երբեւէ երազած ամենակարեւոր փաստարկը։

Հայ Ազգային Կոնգրեսը, առաջին իսկ պահից անընդունելի է համարել երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարեւոր խնդրի լուծման մեջ Ցեղասպանության բացահայտ իրողությունը կասկածի տակ դնող «Պատմաբանների հանձնաժողովի» մասին դրույթը, այն արժանացել է նաեւ ողջ հայության, մասնավորապես Սփյուռքի կտրական հակազդեցությանը։

Այսօր, հերթական անգամ ոգեկոչելով 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մենք համոզված ենք, որ այդ հիշատակը ոչ միայն ծիսական խոնարհում ու զգացական միջոցառումներ, այլեւ քաղաքական, ազգային ու բարոյական գործնական պարտավորություն ու պատասխանատվություն է պահանջում ողջ հայությունից։ Առաջին հերթին՝ ուրացման ու քաղաքական շահարկման ու դրանց հեղինակների միահամուռ մերժման տեսքով։

Այս խորագրի վերջին նյութերը