Տնտեսական

07.09.2019 10:05


Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի աճը 5 անգամ պակասել է․ «168 ժամ»

Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի աճը 5 անգամ պակասել է․ «168 ժամ»

«Սպասումները, որ իշխանափոխությունից հետո արտաքին կա­պիտալը գալու և ողողելու է Հայաս­տանի տնտեսությունը, առայժմ չեն արդարանում: Ճիշտ է, ներդրումները ժամանակ են պահանջում, բայց ժա­մանակն անցնում է, իսկ ներդրումնե­րը հեռու են ակնկալիքներից: Անգամ իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց ներդրումային ակտիվու­թյունը Հայաստանում ցածր է կամ առնվազն այնպիսին չէ, ինչպիսին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու ժամանակ: Այդպես էլ չհայտնվեցին այն ներ­դրողները, ովքեր սպասում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվե­լուն՝ օր առաջ ներդրումներ անելու համար:

Մինչ Հայաստանի տնտեսական զարգացումներն անհնարին է պատ­կերացնել առանց ներդրումների, առավել ևս, առանց ուղղակի ներ­դրումների՝ դրանց ծավալները շա­րունակում են փոքր լինել: Օտա­րերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը չափազանց դանդաղ են ավելանում:

Հրապարակվել է այս տարվա առաջին կեսին Հայաստանի տնտե­սության մեջ կատարված օտա­րերկրյա ներդրումների վիճակա­գրությունը: Հիմնվելով այդ հրապարակման վրա, կառավարության ֆեյսբուքյան էջում այսպիսի մի չա­փազանց լավատեսական գրություն է հայտնվել. «2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումնե­րը ավելացել են 26 տոկոսով, օտա­րերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը 20 տոկոսով»: Տպավորություն է, թե բումը սկսված է:

Ցավոք, կառավարությունը մոռացել է հիշեցնել, թե անցած տար­վա առաջին կեսին ինչպիսի բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում մեր երկրում: Հա­զիվ թե այդ պայմաններում որևէ մեկը կմտածեր Հայաստանում ներդրում­ներ անելու մասին: Ու դա ակնհայտ դարձավ հատկապես երկրորդ եռամսյակում, երբ օտարերկրյա ուղ­ղակի ներդրումները մի քանի անգամ կրճատվեցին:

Թե ինչքանո՞վ է տեղին հիմա հա­մեմատել այս և անցած տարվա ցուցանիշները, թող որոշի կառավարու­թյունը:

Բայց դա էլ կարևոր չէ: Պարզապես շատ զարմանալի կլիներ, որ բերված ցուցանիշների հետ մեկտեղ կառա­վարությունն ասեր նաև, թե այդ ըն­թացքում ինչպես են փոխվել ուղղա­կի ներդրումների զուտ հոսքերը:

Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների և մարումների տարբե­րությունն է, ինչը կարևոր ցուցանիշ է: Բայց այդ մասին կառավարությու­նը գերադասել է լռել, որովհետև պատկերն իսկապես շատ տխուր է: Տարեսկզբի առաջին վեց ամիսնե­րին օտարերկրյա ուղղակի ներ­դրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ: Այն հա­մարժեք է հազիվ 16 մլն դոլարի: Եվ ոչ մի նշանակություն չունի, որ ընդհանուր օտարերկրյա ներդրում­ներն ավելի շատ են աճել: Զուտ հոս­քերն այս դեպքում կազմել են շուրջ 203 մլն դոլար: Բայց այդ թիվը չէ, որ տալիս է ներդրումների իրական բնութագիրը: Դրանում ներառված են ոչ միայն ուղղակի ներդրումները, այլև վարկերը, փոխառությունները և նմանատիպ այլ ֆինանսական հոս­քերը:

Այնպես որ, ներդրումների մասին խոսելիս շատ ավելի կարևոր է ուղ­ղակի ներդրումների ցուցանիշը: Իսկ այստեղ հպարտանալու առիթ կառա­վարությունը չունի:

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարվա առաջին կեսին 4,8 անգամ պակաս է եղել նա­խորդ տարվա նույն ժամանակա­հատվածի համեմատ: Վիճակագրա­կան կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում դրանք կազմել էին 38,6 մլրդ դրամ: Այսինքն՝ այս տարվա բացասական տարբե­րությունը գերազանցում է 30 մի­լիարդը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը