Հարցազրույց

23.04.2010 12:28


Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանց

Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուերն Սուրենյանցի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձը։

-Եթե մի կողմ թողնենք ուղերձում արտահայտված պատրիոտիկ որոշ ձևակերպումները, ես ուղերձում որևէ ռացիոնալ բան չեմ տեսնում, այսինքն՝ ուղերձը հատկապես ժամանակի առումով բացասական եմ գնահատում։ Կարող եմ նշել մի շարք պատճառներ։ Առաջին՝ ֆորմալ առումով ստացվեց, որ հենց Հայաստանը, ոչ թե Թուրքիան փակված համարեց ցյուրիխյան գործընթացը կամ, այսպես կոչված, «ֆուտբոլային» դիվանագիտության էջը։ Պատահական չէ, որ Սարգսյանի ուղերձին անմիջապես հաջորդեց Թուրքիայի վարչապետի արձագանքը, թե իրենք նվիրված են արձանագրությունների տառին և ոգուն։ Անկախ իշխանության ճամբարից հնչող այն գնահատականներին, թե իրենք ընդամենը գործընթաց են կասեցրել և ոչ թե արձանագրությունների տեքստից ստորագրություն հետ կանչել՝ գործընթացի հնարավոր տապալման պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի վրա։ Սա ինձ համար ակնհայտ է։ Ի վերջո, եթե նպատակը գործընթացից դուրս գալը չէր, կարելի էր սահմանափակվել խորհրդարանում արձանագրություններն առայժմ չքննարկելով՝ ձեռնպահ մնալով ուղերձից և հատկապես հրամանագրից։  Երկրորդ՝ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ հայ-թուրքական գործընթացի սառեցումը կչեզոքացնի ճնշումները Լեռնային Ղարաբաղի խնդրում։ Բացարձակ անհեթեթություն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը կար և կշարունակվի անկախ տարածաշրջանային որևէ նախագծից։ Եթե Հայաստանը որոշի սառեցնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, դա հղի է պատերազմի վերսկսման իրական վտանգով։ Երրորդ՝ ասում են, թե իբր Սարգսյանի քայլը «մեսիջ» էր՝ ուղղված միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա։ Դարձյալ պարզունակ մոտեցում է, որովհետև չհաշվարկված դեմարշը չի կարող ռացիոնալ արդյունքի բերել։ Եվ վերջապես չորրորդ՝ հայ-թուրքական հարաբերությունները հայտնվել են փակուղում։ Ըստ էության, փակված համարելով ցյուրիխյան գործընթացը, Սերժ Սարգսյանը չխոսեց նոր պայմանավորվածությունների, ճանապարհային նոր քարտեզի մասին։ Կարող եմ ավելացնել նաև, որ եթե Սերժ Սարգսյանն ունենար քաղաքական խիզախություն և վավերացներ արձանագրությունները անկախ Թուրքիայի վարքագծից, դրանով Հայաստանը կապացուցեր, որ վստահելի գործընկեր է, որ հարգում է երկկողմ և միջազգային պարտավորությունները։ Հիմա Հայաստանի նախագահը հայտնվել է միանգամայն այլ իրավիճակում՝ ակամայից պատասխանատու դառնալով տարածաշրջանային լարվածության և հնարավոր պատերազմի վերսկսման համար։

-Դուք մշտապես հանդես եք եկել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, նախաձեռնողական քաղաքականության ջերմեռանդ կողմնակից։ Շարունակո՞ւմ եք այդպիսին մնալ։

-Իհա՛րկե շարունակում եմ մնալ։ Ես իմ  դիրքորոշումները հայտնում եմ՝ ելնելով իմ արժեքային համակարգից և ոչ թե քաղաքական կոնյունկտուրայից, երբեք տուրք չեմ տալիս պոպուլիզմին։ Ավելին ասեմ՝ ես հայ-թուրքական հարաբերությունների ջատագով եմ եղել տարիներ շարունակ, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը Ստրասբուրգի ամբիոններից խոսում էր հայերի և թուրքերի գենետիկ անհամատեղելիության մասին։ Հիմա դարձյալ Սերժ Սարգսյանը կտրուկ փոխեց իր մոտեցումները հայ-թուրքական գործընթացում, բայց դա որևէ ազդեցություն չի ունենա իմ դիրքորոշման վրա։ Սերժ Սարգսյանը, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, մի օր կարող է լինել խաղաղասեր, մյուս օրը՝ հայրենասեր, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում. ես իմ դիրքորոշումները չեմ պայմանավորում այս կամ այն անձի դիրքորոշումներով։

-Հայ ազգային կոնգրեսի վերջին հայտարարության կազմմանը «Հանրապետություն» կուսակցությունը կամ Դուք անձամբ մասնակցե՞լ եք։

-Ընդհանրապես, ընդունված կարգի համաձայն, հայտարարություն անելուց առաջ կուսակցության ղեկավարի հետ քննարկում են, կապ պահում կամ ճշգրտում հայտարարության բովանդակությունն անդամ կուսակցությունների հետ, բայց անձամբ ես չեմ մասնակցել։ Հայտարարության մասին իմացել եմ մի փոքր ավելի շուտ, քան ԶԼՄ-ն, բնականաբար, բայց մշակմանն անձամբ ես չեմ մասնակցել։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, որտեղ անդրադարձ կար Սերժ սարգսյանի ուղերձին։

-Արձանագրություններին տրված գնահատականներին, բնականաբար, համաձայն չեմ, բայց այն, որ իշխանությունը ձախողվել է, և Կոնգրեսի հայտարարությունը դա ամրագրում է, իհարկե այդ գնահատականի հետ համաձայն եմ։ Ցավոք սրտի, իշխանությունն այդ գործընթացում արեց մի քանի չհաշվարկված քայլեր, որոնք, ի վերջո, հանգեցրին փակուղային այս իրավիճակին։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը