Հարցազրույց

31.08.2019 08:21


«Քոչարյանի գործով ամեն մի հերթական հրապարակային նիստը հերթական խայտառակությունն է դառնալու իշխանությունների համար»․ Վիկտոր Սողոմոնյան

«Քոչարյանի գործով ամեն մի հերթական հրապարակային նիստը հերթական խայտառակությունն է դառնալու իշխանությունների համար»․ Վիկտոր Սողոմոնյան

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետաձգումը տարաբնույթ խոսակցություններ առաջ բերեցին: Թեեւ ՍԴ-ն այդ հետաձգմանը տվել էր լրացուցիչ ինչ-ինչ խնդիրներ պարզելու բացատրություն, սակայն, ինչպես եւ սպասվում էր, հանրության շրջանակներում գերիշխոխղն այլ կարծիք է, որ պատճառը քաղաքական է: Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին Քոչարյանի թիմում, պարզեցինք Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ:

-Դժվարանում եմ պատճառը համարել քաղաքական՝ հաշվի առնելով, որ հետաձգման այն սեղմ ժամկետը, որը ՍԴ-ն սահմանել է, արդարացնում է տրված բացատրությունը, այսինքն, որ պարզելու լրացուցիչ հանգամանքներ կան: Բայց ի՞նչ կա դրա խորքում, չեմ կարող ասել:

-Կա նաեւ կարծիք, որ այդ հետաձգումն ինչ-որ կերպ կապված է Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ ՍԴ-ի ներկայացրած հայտնի դիմումի հետ:

-Այդ հարցով եւս հստակ բան ասելը դժվար է: Գաղտնիք չէ, որ դատարանն այդ գործառույթն, այսինքն՝ ներքին քննարկումները, գրավոր ընթացակարգով հարցի քննությունը եւ այլն ամբողջությամբ փակ է իրականացնում: Ուստիեւ, պարզապես հակված եմ հավատալ այն հրապարակային հայտարարություններին, որ իրենք անում են:

-Ամեն դեպքում, թեեւ մի քանի օրվա հետաձգմամբ, ՍԴ-ն կարծես թե վերջապես պատրաստվում է քննել Քոչարյանի գործը: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Ընդհանրապես դատական ցանկացած ատյանից (թեեւ ՍԴ-ն ատյան չե՝ բառիս բուն իմաստով, այլ՝ իրավունքի դատարան է) մեր ակնկալիքը եղել եւ մնում է նույնը՝ արդարության վերականգնում: Այն է՝ նախագահի ապօրինի կալանքի վերացում, այս շինծու գործի քրեական ընթացքի դադարեցում:

Կցանկանայի նաեւ մեկ միտք նշել, որը, ըստ իս, շատ կարեւոր է: Մեղադրող կողմից կամ իշխանական շրջանակներից արդեն որերորդ անգամ լսվում է, թե Քոչարյանի պաշտպանական կողմը ձգձգում է դատական գործընթացը: Ավելի լկտի սուտ դժվար է պատկերացնել, որովհետեւ նախագահը գտնվում է կալանքի տակ, եւ գործն ինչքան ձգձգվի, այնքան կերկարի կալանքը: Գործի հրապարակային դատաքննությունը ձգձգում է հենց իշխանությունը կամ մեղադրող կողմը (որոնք հիմա նույնացած են)՝ հաշվի առնելով նաեւ, որ Քոչարյանի գործով ամեն մի հերթական հրապարակային նիստը հերթական խայտառակությունն է դառնալու իշխանությունների համար: Ձգձգում են, քանի որ դատաքննության ընթացքում այս գործի շինծու լինելը վերջապես կդառնա հանրության համար բացարձակապես ակնհայտ:

-Բայց ահա հերթական անգամ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Քոչարյանը ազատության մեջ կլինի մինչեւ հեկտեմբեր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը: Ի՞նչ եք մտածում նման խոսակցությունների մասին:

-Ես կցանկանայի խոսել ոչ թե սպասելիքներից, այլ՝ բուն երեւույթից: Այն, որ նման խոսակցությունները տարածում են ստանում, նշանակում է մեկ պարզ բան: Այն է՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ այս գործը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական: Պատկերացնո՞ւմ եք, որ որեւէ այլ դեպքում խոսեն, թե՝ ահա, մեր բարեկամ երկրի ղեկավարը գալիս է, եւ դրա համար պետք է այս մարդուն բանտից ազատել: Ու երբ այդպես են խոսում, նշանակում է՝ բոլորն են հասկանում, որ գործը քաղաքական է:

-Նաեւ խոսում են, որ կարող է կալանավորվել Երրորդ նախագահը եւս:

-Այո, կար այդ խոսակցությունը, սակայն փաստորեն դեռ որեւէ բան տեղի չի ունեցել: Հուսով եմ, որ այն իրավական «բեզպրեդելը», որը հիմա տեղի է ունենում, կդադարի:

Աղբյուրը՝ iravunk.com

Այս խորագրի վերջին նյութերը