Լրահոս

22.04.2010 12:25


Արմեն Աշոտյանի հայտարարության կապակցությամբ

Ս/թ ապրիլի 15-17-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, գտնվելով Թիֆլիսում, Վրաստանի ԿԳ նախարար Դ. Շաշկինի հետ ի թիվս այլ հարցերի' պայմանավորվածություն ձեռք բերեց նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի ամբիոն բացելու մասին: Առաջին հայացքից ողջունելի այս փաստին հետևեց պարոն Աշոտյանի հայտարարությունը, ըստ որի' «Ջավախքում հայկական պետական բուհի բացման կարիք այլևս չկա, հետևաբար' խնդիրը, որը երկկողմ հարաբերություններում համարվում էր ցավագին հարց, այժմ լուծված է»:

Մենք չգիտենք, թե ՀՀ ԿԳ նախարարին ինչն է ստիպել անելու նման հայտարարություն, սակայն պարզորոշ են մի քանի հանգամանքներ.

  • Ջավախքում հայկական կամ հայ-վրացական պետական բուհի հիմնումը դա ջավախահայության հարատև պահանջն է, և այդ հարցը ,լուծվածե կամ ,փակվածե կարող է համարել / չհամարել միմիայն նա:
  • ՀՀ-ի պաշտոնյաների, այդ թվում Ա. Աշոտյանի խնդիրն է օժանդակել ջավախահայության կողմից առաջադրված հարցերի լուծմանը, այլ ոչ թե վերջինիս փոխարեն հանդես գալ ինչ-ինչ նախաձեռնություններով կամ անպատասխանատու հայտարարություններով:
  • Ջավախքում հայկական պետական բուհի հիմնումը միայն վրացերենի ուսուցման ապահովում չէ, այլ' ջավախահայ երիտասարդությանը հայրենի հողում պահելու, Ջավախքում կրթամշակութային կյանքը զարգացնելու միջոց:

Ելնելով այս իրողություններից' հայտարարում ենք.

  • ԵՊԼՀ-ի վրացերեն լեզվի ամբիոնի բացումը ողջունելի է, սակայն այն չի կարող փոխարինել Ջավախքում հիմնվելիք հայկական պետական բուհին: Ավելին' դեռ պարզ չեն այն մեխանիզմները, թե ավելի քան մեկուկես հազար ջավախահայ ուսանողներն ինչպես են կազմակերպելու իրենց վրացերենի ուսուցումը վերոհիշյալ ամբիոնում: Հետաքրքիր է, մինչ այսօր ԵՊՀ-ում գործող Շ. Ռուսթավելու անվան վրացագիտության կենտրոնի տեղը նրանցից քանիսը գիտեր: Մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նոր բացվող ամբիոնը ևս կունենա հնի ճակատագիրը:
  • Ջավախահայության' հայկական պետական բուհի բացման մասին արդարացի պահանջների անտեսումը կամ շրջանցելը բոլոր առումներով դատապարտելի է: 
  • ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հայտարարությունը ոչ մի ընդհանուր աղերս չունի ջավախահայ ուսանողների խնդիրների հետ: Հուսով ենք, որ այս ամենի տակ չկան տարատեսակ կասկածելի հանգամանքներ, և հայտարարությունը չի արվել վրացական ճնշումների պայմաններում, այլ այն պարոն Աշոտյանի անմտածված քայլի արդյունք է:

Լավ կլիներ, որ պարոն Աշոտյանն իր հայտարարությունից առաջ այցելեր Ջավախք, տեղում լսեր կազմակերպությունների պահանջները, մի քիչ խորհեր, նոր անցներ գործի:

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կեմիտե

Այս խորագրի վերջին նյութերը