Հարցազրույց

27.08.2019 11:38


«Ինչո՞վ է սահմանվում Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը»․ Սարգիս Գրիգորյան

«Ինչո՞վ է սահմանվում Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը»․ Սարգիս Գրիգորյան

GPARTNERS իրավաբանական գրասենյակի կառավարիչ Սարգիս Գրիգորյանը պատասխանել է NEWS.am-ի հարցին։

Բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ։ Արդյոք կա՞ն միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց շրջանակում կարող ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է:

Ակնհայտ է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է հետապնդումների քաղաքական շարժառիթներով, և նրա նկատմամբ ակնհայտորեն կիրառվում է խտրական վերաբերմունք, օրինակ` իրացնելու իր արդար դատաքննության իրավունքը։ Փաստացիորեն, տևական ժամանակ է, ինչ Ռոբերտ Քոչարյանը նաև զրկված է ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից։ Ավելին, Հայաստանում տեղի ունեցող «ինստիտուցիոնալ բարեփոխումները» դատական համակարգում ուղղակիորեն առնչվում են Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ և իրական ու լուրջ սպառնալիքներ են իրավունքի գերակայության համար: Խաթարվել է իշխանությունների տարանջատման սկզբունքը, որը պետք է երաշխավորի դատական անկախությունը, օրինակ`Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս կազմը և անգործունեությունը, որոնք ուղղակիորեն հակասում են ԵԽ-ի եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի մի շարք փաստաթղթերին։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 9(1)-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով: Այն, ինչ տեղի է ունենում 2019 թվականի մայիսի 20-ից առ այսօր հաստատում է, որ կոպիտ և շարունակական կերպով խախտվում են Ռոբերտ Քոչարյանի հիմնարար իրավունքները, որոնք նաեւ սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, մասնավորապես՝ կալանքը կիրառվել է միմիայն քաղաքական դրդապատճառներով, այսինքն՝ որևէ հանցանքի կատարման բացակայությամբ։ Ռոբերտ Քոչարյանի կամայական կալանավորումները նաեւ հստակ խախտում են ՄԱԿ-ի մարդու իրավունքի հանձնաժողովի թիվ 1991/42 (հետագայում պարզաբանվել է թիվ 1997/50 բանաձեւով) բանաձեւով սահմանված սկզբունքները եւ պահանջները։

Ավելին, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ համաձայն 2012 թվականի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի թիվ 1900 /2012/ բանաձեւի, քանի որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկումը կիրառվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ եւ քաղաքական շարժառիթներով պայմանավորված։ Ավեին, Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը անարդար դատաքննութան արդյունք է, ինչը եւս ունի քաղաքական շարժառիթներ։ Վերջում հարկ է նշել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1988 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 43/173 որոշմամբ հաստատված անձանց կալանքի տակ պահելու սկզբունքները, որոնք իրավունք են վերապահում պնդելու, որ Ռոբերտ Քոչարյանը արդադատության մերժման զոհ է Հայաստանում, ում նկատմամբ կիրառվում է կամընտրական արդարադատություն։

Այս խորագրի վերջին նյութերը