Քաղաքական

27.08.2019 11:37


ՀՊՏՀ-ի՝ մրցույթում հաղթած դասախոսները հրաժարվում են դասախոսել. «Հրապարակ»

ՀՊՏՀ-ի՝ մրցույթում հաղթած դասախոսները հրաժարվում են դասախոսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստանի պետական տնտեսագիտական հա­մալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ռեկտորի արդեն նախկին ժամանա­կավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը փորձում էր փո­խել դասախոսների ընտրության կարգը եւ նոր կանոնակարգ մտցնել: Մրցույթի արդյունքում նախկին դասախոսական կազմը դուրս էր մնում, եւ նոր դասախոսներ պետք է ներգրավվեին, ինչը բազում բո­ղոքների տեղիք տվեց: Եվ քանի որ այդ ընթացքում նաեւ պարզվեց, որ ռեկտորի ԺՊ-ի դոկտորական ատենախոսության հետ կապված գրագողության կասկածներ կան, նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Ռուբեն Հայրապետյա­նը հեռացավ, նրա փոխարեն ԺՊ նշանակվեց Դիանա Գալոյանը:

Այժմ բուհի ուսանողության մի մա­սը բողոքում է Հայրապետյանին հեռացնելու դեմ, եւ մրցույթներում հաղթած դասախոսների մի մասը հրաժարվում է աշխատել՝ Հայրապետյանից հետո: Եթե օրեր առաջ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ էին բողոքի ակցիաներ անում կառա­վարության շենքի դիմաց, ապա վերջին օրերին այնտեղ են ռեկտո­րի պաշտոնակատարի հեռացումից դժգոհ ուսանողները: Ռեկտորի պաշտոնակատարի հեռանալուց հե­տո հեռանում են նաեւ նրա բերած կադրերը:

Մենք փորձեցինք զրուցել այն կադրերի հետ, որոնք հաղթել են մրցույթում, բայց որոշել են ռեկտո­րի նոր պաշտոնակատարի՝ Դիանա Գալոյանի հետ չաշխատել եւ արդեն հայտարարել են, որ չեն մտնելու ՀՊՏՀ:

Մեզ հետ զրույցում Արմինե Յարալովան, ով հայտարարված մրցույթում հաղթողներից մեկն է եւ Կենտրոնական բանկի աշխատակից, նշեց. «Նախ ես այնտեղ հայտնվել եմ, քանի որ հավատացել եմ, որ Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ փոփոխությունների ծրագիր է սկսել, բարեփոխումներ է սկսել, որոնք 30 տարում այդպես էլ չէին իրակա­նացվում: Չասեմ՝ նրա խնդրանքով, բայց, համենայնդեպս, դիմել եմ մրցույթի համար՝ փորձելով աջակցել իրեն: Նախարարի կայացրած որոշումն առնվազն անարդար էր: Անարդար էր այն առումով, որ նրանց հիմնավորումը ուղղակի այս պարա­գայում զուտ ատենախոսության հետ խնդիրներն են: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ սա ուղղակի պատճառ է: Ես էլ եմ ծանոթ այդ ատենախո­սություններին եւ կարող եմ փաստել, թե ինչքանով է բարձր նրա ատենա­խոսությունը մյուսների ատենախո­սությունների մակարդակից»:

Արմինե Յարալովան հավելեց, որ պատրաստվում էր դասավանդել «Տնտեսական քաղաքականություն եւ մակրոտնտեսագիտություն» առարկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը