Հարցազրույց

21.04.2010 19:42


Եղիշե Պետրոսյան.

Եղիշե Պետրոսյան.

Հարցազրույց «Արձագանք» ստուդիայի նախագահ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ

-Ձեր գործընկեր արվեստագետներից շատերը նշում են, որ հասարակությունը բարոյալքված է։ Համամի՞տ եք այդ տեսակետի հետ։

-Այո՛,  լիովին համաձայն եմ այդ տեսակետի հետ։ Արժեքային համակարգը շատ է կաղում։ Դա գալիս է մարդկանց աչքի առաջ եղած օրինակներից, թե ինչ տիպի մարդն ինչպիսի հաջողությունների կարող է հասնել։ Պարզ երևում է, որ կրթվածությունը, քաղաքացու ճիշտ կեցվածքը մարդուն այնքան հեղինակություն չեն բերում, որքան սանձարձակությունն ու այլանդակությունը։ Երկրորդ՝ մութ ու ցուրտ տարիներին մեր դպրոցը լրիվ նահանջ ապրեց։ Ամեն ինչ խեղաթյուրվեց, դպրոցները դարձան բիզնես կենտրոններ, փող հավաքելու և յոլա գնալու միջոցներ։ Երրորդ՝ կրթված մարդն աշխատանք չի գտնում, որովհետև քավորսանիկական հարաբերությունների հետ են գործ ունենում ամբողջ երկրում։

-Համամի՞տ եք, որ իշխանություններից  են գալիս «բարոյականության» այդ ազդակները։

-Ես չէի ցանկանա տարանջատել իշխանությունն ու ոչ իշխանությունը, որովհետև այլանդակություն է թե՛ իշխանության մեջ, թե՛ հակառակ բևեռում, թե՛ բանվորականության մեջ, թե՛ կառավարության մեջ միակ տարբերությամբ, որ նրանց հագուկապն ավելի կոկիկ է։

-Ի՞նչը կփոխեիք ՀՀ-ում։

-Կուզեի փոխել կրթական համակարգը և կձևավորեի արժեքային նոր համակարգ։ Ես շատ ցավով եմ նկատում, որ անկախությունը, որը մեր ազգն այդքան դարերով երազում էր, և որն, ի վերջո, տրվեց, մարդկանց քթերից եկավ և գալիս է։ Շատ ափսոս, որ ժողովուրդը  հիասթափություն ապրեց։

-Վերջին ժամանակներս քաղաքական դաշտի և հասարակության իր ողջ հույսը կապում է հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Դա շատ տարօրինակ ու անարժանապատիվ վիճակ էր։ Բայց թողնենք այդ հարցը։ Այդ հույսերը հիմա ի չիք դարձան։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում մեզ։

-Ինձ թվում է՝ բաց սահմանները շատ լավ բան են։ Շատ կարևոր է, որ դու կարողանաս հանգիստ ճամփորդել, բեռներ ներմուծել և արտահանել։ Դա շատ կարևոր է, բայց ես չէի ուզենա, որ մենք որևիցե հարցով զիջեինք թուրքերին։ Պետք է միշտ հարձակողական դիրքում լինենք, որովհետև նրանք այլանդակություն են արել, մեծ վնաս են մեզ հասցրել և պետք է պատասխան տան՝ անկախ նրանից՝ 70 մլն-անո՞ց են, թե՞ 100 անգամ տնտեսապես հզոր մեզանից։ Բարոյական առումով մենք միշտ պետք է նրանցից պահանջատեր լինենք։

-Ներկա իրավիճակն ի՞նչ է թելադրում՝ զիջո՞ւմ ենք, թե՞ ոչ։

-Ամեն ինչ այնքան ծածուկ է արվում,  որ ես չգիտեմ՝ ով ում հետ ինչ է պայմանավորվում։ Ինձ թվում է՝ մեզնից անկախ ինչ-որ դավեր են նյութվում, և ես չգիտեմ՝ մեր բանակցողների ինտելեկտը կբավարարի՞  հաղթանակով դուրս գալու համար, թե՞ ոչ։

-Ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։

-Ցավոք սրտի, այս պահին դեռ տեսնում եմ, որ անգամ մարդիկ, որոնք հացի խնդիր չունեն, լքում են Հայաստանը զուտ բարոյական մթնոլորտից ելնելով, որովհետև ամեն քայլը՝ ամեն մի ազդանշանը, վարորդը, հետիոտնը, ամեն մի որոշումը մարդուն նյարդայնացնում են, ամեն ինչ գնում է մարդկանց քթից բերելու ուղղությամբ, և, ցավոք սրտի, քարավաններով հեռանում ենք։ Ես, օրինակ, շատ անհանգիստ եմ երիտասարդության համար։ Լավ երիտասարդություն ունենք, բայց, ցավոք սրտի, նրանք իրենց ապագան այստեղ չեն տեսնում, որովհետև վատ մթնոլորտ է, այսինքն՝ թունավոր ցեխում են աշխատում։

-Ելք կա՞։

-Ելքը հետևյալն է՝ անընդհատ պետք է իշխանափոխություն իրականացնել, անընդհատ։ Հենց մի հարցում թերացան, միանգամից փոխենք, մինչև իմանան, որ իրենք կոչված են այս ժողովրդին և այս երկրին ծառայելու, այլ ոչ թե ամեն մի չինովնիկի վարորդ իրեն ամեն ինչ թույլ տա, և մարդիկ իրենց վարկաբեկված զգան։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը