Լրահոս

24.08.2019 08:42


Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից

Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից

Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկած Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները չեղարկել են հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի մրցաշարին մասնակցության հրավերը՝ ադրբեջանական պատվիրակության պահանջով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գևորգյանի՝ Facebook-ում իր վրդովմունքը արտահայտելուց հետո, կազմակերպիչները նրան դատական գործով են սպառնացել, այս մասին շախմատիստուհին պատմել է BBC-ին:

Մարիա Գևորգյանը ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ է, Հայաստանի շախմատի կանանց եռակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մրցանակակիր:

Գևորգյանի խոսքով՝ նա որևէ հատուկ ցանկություն չի ունեցել մասնակցելու թուրքական մրցաշարին, սակայն օգոստոսի 7-ին նա հրավեր է ստացել կազմակերպիչներից, որոնք նաև առաջարկել են վճարել ճանապարհածախսի և կեցության համար:

Գևորգյանը, ի վերջո, համաձայնել է, սակայն շուտով կազմակերպիչներից Մուստաֆա Էրօղլուն չեղարկել է հրավերը:

Նա գրել է Գևորգյանին, որ ադրբեջանցի շախմատիստները վերջնագիր են ներկայացրել. եթե մրցաշարին հայ մասնակից լինի, նրանք կհրաժարվեն մասնակցությունից:

Գևորգյանն Facebook-ի իր էջում հրապարակել է Էրօղլուի հաղորդագրության լուսանկարը:

«Յուրաքանչյուր երկրում, որտեղ էլ որ ելույթ ունենամ, ես միշտ հարգանքով եմ վերաբերվել բոլոր ընդդիմախոսներին՝ անկախ նրանց ազգությունից կամ քաղաքական հայացքներից»,- գրել է Գևորգյանը:

Մարիա Գևորգյանը բողոք է հղել ՖԻԴԵ-ին: Նրա խոսքով՝ հրավերի չեղարկումը իր ազգության պատճառով համարում է խիստ վիրավորական:

Շախմատիստուհու հաղորդմամբ՝ Էրօղլուն կապվել է իր հետ և մեղադրել նամակագրության գաղտնիությունը խախտելու մեջ՝ սպառնալով դատի տալ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը