Քաղաքական

18.08.2019 10:10


«Վայոց ձորի մարզպետի կողմից հետապնդվում եմ. թողնում եմ ֆերմերությունը, զբաղվելու եմ քաղաքականությամբ». ֆերմեր

«Վայոց ձորի մարզպետի կողմից հետապնդվում եմ. թողնում եմ ֆերմերությունը, զբաղվելու եմ քաղաքականությամբ». ֆերմեր

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի կողմից ես հետապնդման եմ ենթարկվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը, ում վերջերս հրավիրել էին Եղեգնաձորի ոստիկանություն:

«Ինձանից հետաքրքրվում էին, թե իմ կողմից հրապարակված նյութերը որտեղից են, ով է այդ ամբողջ ինֆորմացիան ինձ տվել: Ես տեղեկացել եմ, որ այդ ամենը ուղղորդվում է Վայոց ձորի մարզպետի կողմից: Ես տեղեկացել եմ, որ մարզպետը իրավապաշտպան Արտակ Գալստյանի եւ իմ դեմ նյութ է նախապատրաստել: Էդ տվյալները, որոնք ես հրապարակել եմ բրուցելոզի մասին միտում ունեն աճելու: Մարզպետը վրեժխնդիր է եղել, որ ես հայտարարել եմ, որ Վայոց ձորի մարզպետն իր տեղում չէ: Դրա վառ ապացույցն էլ այն է, որ Քարագլուխ համայնքում դեպի արոտավայր տանող ճանապարհը փակել են` թույլ չտալով, որպեսզի ես անասուններին տանեմ արոտավայր:

Ես ստիպված մեքենաներ եմ բերել, որ անասուններին տեղափոխեմ: Նույնը աշնանն է լինելու, երբ անասուններին իջեցնելու լինեմ: Եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ այո, Վայոց ձորի մարզպետն իր տեղում չէ, եւ ինքն իր լծակները ներդնում է ճնշում գործադրելու համար»,- ասաց ֆերմերը:

Տիգրան Եղոյանը հայտարարեց, որ ինքը չի ընկրկելու եւ ընդհակառակը` պայքարելու է, թողնելու է ֆերմերությունը եւ զբաղվելու է քաղաքականությամբ:

«Տեսնելով մարզում այս աննորմալ վիճակը՝ մոտ օրերս նախապատրաստվում ենք հայտարարել հանրահավաք մարզպետարանի մոտ եւ ընդհուպ հնարավոր է՝ շարժվենք Կառավարություն: Մենք թույլ չենք տա էս վիճակը: Մարզպետը ուղղակի մարզը թողել է անտեր վիճակում: Ես թողնում եմ ֆերմերությունը եւ որեւէ կուսակցության անդամ չլինելով` ստեղծում եմ ծայրահեղ ազգայնական շարժում, որը կփորձի այս արատավոր երեւույթներին շտապ եւ համապարփակ լուծում տալ»,-ասաց նա:

Ֆերմեր Տիգրան Եղոյանը հավելեց, որ շուտով Վայոց ձորի մարզում ինքը հանդես կգա կոչով, որ ժողովուրդը քաղաքացիական խաղաղ անհնազանդություն ցուցաբերի, եւ օրենքի սահմաններում բողոքեն մարզպետի անգործության համար, պահանջեն մարզպետի հրաժարականը:

Այս խորագրի վերջին նյութերը