Հարցազրույց

20.04.2010 17:08


Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդ դառնալու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի առաջարկը։

-Այստեղ պարզաբանման խնդիր կա։ Քանի որ «Trend»-ում է այդ հարցազրույցը տպագրվել, չեմ կարող  հարյուր տոկոսով վստահել և ասել'  շրջաններն ազատելու մասին նմանատիպ խոսքեր նա ասե՞լ է, թե՞ ոչ, և պարզաբանման կարիք ունի, թե արդյոք խոսքը ո՞ր շրջանի մասին է։ Իսկ ինչ վերաբերում է միջնորդական ջանքերին, կարծում եմ՝ դա իրենց  իրավունքն է, որ նմանատիպ քայլով հանդես գան։ Այնուամենայնիվ ես այն կարծիքին եմ, որ այս պահին առավել նպատակահարմար է, որ բանակցություններն ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, քանի որ դա միջազգային կազմակերպությունների կողմից լիազորված մարմին է։ Բացի այդ էլ, առավել մասնագիտացած է այդ հարցում, որովհետև նա է, որ երկարաժամկետ կտրվածքով զբաղվում է այդ խնդրով։ Իրանի խաղաղասիրական ջանքերը ողջունում եմ, բայց այնուամենայնիվ պարզաբանման խնդիր կա, թե ի՞նչ է  նշանակում ազատել շրջանները, այդ բառակապակցությունը ո՞ր շրջաններին է վերաբերում։ Կարծում եմ, որ Իրանը պետք է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին նշեր, այլ նաև երրորդ կողմին՝ ԼՂՀ-ին, որովհետև նրանք ցանկացած բանակցային սեղանի շուրջ պետք է պարտադիր նստած լինեն, և իրենք են, որ իրավունք ունեն խոսելու ԼՂՀ անունից։

-Ադրբեջանն արդեն բացահայտ հայտարարում է, թե Մինսկի խմբի ձևաչափն իրեն չի բավարարում։ Որքանո՞վ է հնարավոր, որ այդ ձևաչափն այլևս չգործի։

-Դա իրենց խնդիրն է, թե որքանով է բավարարում կամ ոչ։ Կա միջազգային մանդատ ստացած խումբ՝ Մինսկի խումբը, որն զբաղվում է այդ հարցով։ Այս պահին որևէ այլ կազմակերպության կամ այլ երկրի այդ մանդատը տրված չէ։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեծ հաշվով ձախողվել է։ Ձեր կարծիքով հնարավո՞ր է, որ «ֆորսմաժորային» իրավիճակ լինի։

-Իրավիճակն ի սկզբանե էր «ֆորսմաժորային»։ Այն, որ այս պահին կարծես թե արձանագրությունները մահացել են, արդեն իսկ «ֆորսմաժորային» իրավիճակի շարունակությունն է։ Իշխանություններին մեկ անգամ չէ, որ զգուշացվել է այն մասին, որ Թուրքիային ընդամենը պետք է գործընթաց, և ոչ թե հարաբերությունների կարգավորում։ Նույնիսկ այս արձանագրությունների շրջանակում, որը բավական ձեռնտու էր Թուրքիային, այնուամենայնիվ, խնդիրը պարզ է, որ նրանց ընդամենը գործընթաց էր պետք։ Իշխանություններն այս արձանագրությունները ստորագրելով՝ ի սկզբանե ստորագրեցին մեռելածին արձանագրությունների տակ, և չլսեցին ո՛չ  հասարակության, ո՛չ քաղաքական գործիչների ձայնը, որպեսզի չստորագրեն այդ արձանագրությունները։ Եթե հարաբերությունների բարելավման ցանկություն կար, ապա այդ դեպքում ընդամենը պետք էր դիվանագիտական նոտաներ փոխանակել, և Թուրքիայի կողմից սահմանը բացել։ Արձանագրություններում այնքան տեխնիկական խոտան կար, որ գրել էին «սահմանի փոխադարձ բացում» բառակապակցությունը, այնինչ ՀՀ կողմից սահմանը միշտ բաց է եղել։

-Իսկ ներքին կյանքում «ֆորսմաժորներ» հնարավո՞ր են։

-Իհարկե։ Որպեսզի օբյեկտիվ լինենք, չի կարելի ուղղակի ասելու համար ասել, թե «ֆորսմաժոր» կա, ինչ է, թե ընդդիմություն ենք և իշխանություններին հակառակ կարծիք ենք ուզում արտահայտել։ Օբյեկտիվ են այն գնահատականները, որոնք կան։ Իսկ այդ գնահատականները հետևյալն են՝ Հայաստանում կա չլուծված քաղաքական ճգնաժամ։ Այն առաջացել է մի շարք պատճառներով. դա քաղաքական մոնոպոլ համակարգն է' ՍՄԿԿ-ացումը, քաղաքական կյանքում ընդդիմության դերի անընդհատ նվազեցումն է, և անարդարություններն են, որոնք տեղի են ունենում իշխանության ձևավորման գործընթացում: Դրա հետևանք են նաև մարտի 1-ի իրադարձությունները, երբ 10 անմեղ քաղաքացիներ սպանվեցին իրենց խաղաղ բողոքն արտահայտելիս։ Այն անձինք, ովքեր հրաման տվեցին կրակ բացել քաղաքացիների վրա, այն անձինք, ովքեր դա կատարեցին, դրանցից ոչ մեկը չի պատժվել։ Գնահատականի հիմքերից մեկն էլ այն է, որ մեզ մոտ տնտեսական համակարգն ամբողջովին մի քանի կլանների ձեռքում է, տնտեսությունը մոնոպոլ, կրիմինալ-օլիգարխիկ իրավիճակում է, որպես այս  երկուսի արդյունք՝ մենք ունենք իշխանության և օլիգարխիայի սերտաճում։ Իսկ դրա վերջնարդյունքը քաղաքացիների իրավազուրկ և սոցիալապես անապահով կարգավիճակն է: Այս բոլորը հիմք են, որպեսզի «ֆորսմաժորային» իրադարձությունները մեր երկրում տեղի ունենան։ Միակ խնդիրը, որ «ֆորսմաժորները» տեղի չեն ունենում, այն է, որ այդ գործընթացները տեղի չեն ունենում, այսինքն՝ չկա ընդդիմության միավորումը, չկա այն մեծ ազդակը, որն այդ հիմքերը կարող էր դարձնել գործընթաց։ Այս պահի դրությամբ ես այդ կարծիքին եմ։

-Անդրադառնանք ներքին խնդիրներին։ Առջևում  ընտրություններ են։ Պետական կառավարման ապարատում լուրջ տարաձայնություններ կա՞ն, թե՞ ոչ։

-Ոչ միայն լուրջ տարաձայնությունների խնդիր կա։ Արդեն իսկ պարզ է, որ Հանրապետական կուսակցությունն ամբողջովին և մեծ ծավալով պատրաստվում է ընտրություններին։ Ըստ էության, իշխանական թևը փորձում էր նոր կուսակցությունների ստեղծման ձևով ինչ-ինչ նախագծեր իրականացնել մինչև նոր ընտրությունները։ Սակայն հասկանալի եղավ, որ այդ կուսակցությունները քաղաքական դաշտում ազդեցություն չեն կարող ունենալ,  և իրենց այն նպատակը, որ հնարավոր կլինի ընդդիմության ձայները որոշակի մասնատել, դա տեղի չի կարող ունենալ։ Ուստի այդ գործընթացներն ընդամենը կլինեն սոսկ ֆինանսական և վարչական ռեսուրսների վատնում։ Դրանից հետո  իշխանությունները որոշեցին, որ այնուամենայնիվ շեշտադրումը պետք է նորից լինի Հանրապետական կուսակցության վրա, և փորձեցին ՀՀԿ շուրջը ստեղծել այդ ռեսուրսի կենտրնացումը։ Պատահական չէ, որ Օրինաց երկրից երկու նախարար դուրս եկան, և ըստ էության նախարար դարձան Սերժ Սարգսյանի  թիմի անդամներ։ Կարծում եմ, որ այս գործընթացը հետագայում ևս շարունակվելու է, և Հանարապետականն ամբողջովին իր ձեռքն է վերցնելու և՛ վարչական ռեսուրսները, և՛ մնացած ոչ օրինական ռեսուրսները, այդ թվում նաև լյումպեն զանգվածին իր  շրջանակում պահելու խնդրի լուծումը։

-Հնարավո՞ր է, որ այդ տարաձայնությունները կառավարության կազմի փոփոխություն առաջացնեն, մասնավորապես՝ վարչապետի հրաժարականի։

-Չեմ բացառում, ցանկացած բան կարող է տեղի ունենալ, որովհետև այն կարծիքին եմ, որ կառավարությունն այս երկու տարիների ընթացքում  մեծ արդյունավետությամբ չի փայլել, և այն գործընթացները, որ մինչ այդ եղել են, այժմ էլ շարունակվում են։ Ցավոք, ի տարբերություն հայտարարությունների՝ բարեփոխումները կյանքի չեն կոչվում։ Եվ տնտեսությունն ինչպես եղել է օլիգարխիկ համակարգի ձեռքում, այդպես էլ մնում է, ու ճգնաժամն  ընդամենը վեր հանեց այդ խնդիրների մեծածավալ լինելը։ Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, չեմ կարծում, որ այս պահին դա կարող է տեղի ունենալ, որովհետև կարծեք թե վարչապետը երկրի նախագահին բավական ձեռնտու անձնավորություն է և՛ քաղաքական ազդեցության տեսանկյունից, և՛ որոշակի առումով  իմիջային ինչ-որ հենք ստեղծելու։ Արևմտյան աշխարհին կարծեք թե հաճելի է գրագետ և արևմտյան կողմնորոշում ունեցող վարչապետի հետ աշխատել։ Ուստի չեմ կարծում, որ այս պահին կարող է վարչապետի փոփոխություն լինել։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը