Տնտեսական

15.08.2019 16:35


Ծխախոտի գովազդի արգելքը կարող է սահմանափակել մրցակցությունը, բայց բխում է հանրային շահի պաշտպանությունից. ՏՄՊՊՀ

Ծխախոտի գովազդի արգելքը կարող է սահմանափակել մրցակցությունը, բայց բխում է հանրային շահի պաշտպանությունից. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օգոստոսի 14-ի դռնբաց նիստում քննարկել եւ եզրակացություն է տվել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծին՝ հիմք ընդունելով փաստաբան Անդրանիկ Վահանյանի դիմումը, որում վերջինս նշում է, որ օրենքի նախագիծը սահմանափակում է մրցակցությունը, արգելափակում է շուկա նոր տնտեսվարողների մուտքը, ինչպես նաեւ ոչ մրցակցային պայմաններ է ստեղծում շուկայի գործող մասնակիցների համար: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

Մասնավորապես, դիմողը հղում է կատարել օրենքի նախագծի այն դրույթներին, որոնք վերաբերում են ապրանքի գովազդի եւ ցուցադրության, որոշակի տարածքներում կամ որոշակի տարածքներից համապատասխան հեռավորության վրա ծխախոտային արտադրանքի իրացման եւ զեղչի կիրառման արգելքներին: Հանձնաժողովը, ուսումնասիրելով ապրանքի գովազդի եւ ցուցադրության արգելքի ազդեցությունը տնտեսական մրցակցության վրա, արձանագրել է, որ այն կարող է սահմանափակել տնտեսական մրցակցությունը: Տվյալ դեպքում կարող են առկա լինել մրցակցության սահմանափակման դրսեւորումներ այն առումով, որ արդեն շուկայում գործող սուբյեկտները ստանում են մրցակցային առավելություն, քանի որ տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել գովազդել եւ ներկայացնել իրենց կողմից իրացվող ապրանքները` սպառողների շրջանում ձեւավորելով որոշակի հավատարմություն եւ այդպիսի պայմաններում շուկա նոր մուտք գործող տնտեսվարող սուբյեկտների համար կարող են ստեղծվել խոչընդոտներ: Բացի այդ, մրցակցության անհավասար պայմաններ կարող են ստեղծվել նաեւ այն պատճառով, որ օտարերկրյա տնտեսվարողները արտասահմանյան կայքերի եւ այլ ոչ տեղական միջոցներով հնարավորություն ունեն գովազդել կամ իրացնել իրենց արտադրանքը, ինչը հասանելի է նաեւ տեղացի սպառողին, մինչդեռ ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն չեն ունենա ցուցադրել իրենց արտադրանքը: Միաժամանակ, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել անդրադառնալ տնտեսական մրցակցության սահմանափակման պայմաններում նախագծի համապատասխան հոդվածներով նախատեսված կարգավորումների թույլատրելիությանը հանրային շահի տեսանկյունից:

Այսպես, ՀՀ սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այսինքն, մրցակցության սահմանափակումը կարող է թույլատրվել միայն օրենքով այն դեպքում, երբ առկա է հանրային շահ: ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Նախագծի ընդունումը նպատակ ունի հաշվի առնելով միջազգային փորձը, իրականացնել օրենսդրական փոփոխություններ` համահունչ ՀՀ կողմից 2004 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին, ինչպես նաեւ պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը եւ այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N33 արձանագրային որոշման պահանջների իրացմամբ: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործող «Ծխախոտի իրացման, սպառման օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի ընդունումից ի վեր ծխախոտային արտադրատեսակների իրացման, սպառման օգտագործման, դրանով պայմանավորված ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության եւ մահացության ցուցանիշների նվազում ոչ միայն չի արձանագրվել, այլ հակառակը, ինչը վկայում է ոչ արդյունավետ հակածխախոտային պետական քաղաքականության մասին, որի հիմնական պատճառներից են նաեւ առկա ոլորտային օրենսդրության բացերը: Վերը նշվածի կապակցությամբ Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ միջազգային փորձը: Մասնավորապես Եվրոպական միության արդարադատության դատարանի մեծ պալատի կողմից քննության առնված Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիմումն ընդդեմ Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական միության խորհրդի, որն առնչվում էր ծխախոտային արտադրանքի գովազդի եւ հովանավորչության վերաբերյալ արգելքներին, Անգլիայի եւ Ուելսի արդարադատության բարձրագույն դատարանի դիմումը` Եվրոպական խորհրդարանի եւ խորհրդի 2001 թվականի հունիսի 5-ի թիվ 2001/37 դիրեկտիվի մեկնաբանման վերաբերյալ, որը վերաբերում էր ծխախոտային արտադրանքի մակնշմանը եւ որոշակի տեսակի ծխախոտային արտադրանքի օգտագործման արգելմանը, ծխախոտի ցուցադրության արգելքները դատական կարգով վիճարկվել են նաեւ Նորվեգիայում եւ Շոտլանդիայում: Բոլոր դեպքերում դատարանները եկել են այն եզրակացության, որ հանրային շահը եւ առողջության պաշտպանությունը գերակա են: Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն ամրագրում է, որ նախագծով սահմանված կարգավորումները բխում են ՀՀ կողմից իրականացվող ծխախոտի դեմ պայքարի եւ առողջության պահպանության հանրային շահից: Այսպիսով` հաշվի առնելով վերոնշյալ իրավական կարգավորումները, Նախագիծը, Նախագծի հիմնավորումը եւ նպատակը, ինչպես նաեւ միջազգային փորձը՝ հանձնաժողովն իր որոշմամբ ամրագրել է, որ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծով սահմանված` ծխախոտային արտադրանքի գովազդի եւ ցուցադրման արգելքի վերաբերյալ կարգավորումները կարող են սահմանափակել տնտեսական մրցակցությունը, սակայն բխում են հասարակության առողջության, հետեւաբար` հանրային շահերի պաշտպանությունից եւ չեն կարող դիտարկվել որպես տնտեսական մրցակցության օրենսդրությանը հակասող դրույթներ:

Այս խորագրի վերջին նյութերը