Քաղաքական

12.08.2019 18:48


Հանրային հեռուստաընկերությունը ՍԴ-ի գործունեությունը լուսաբանում է ուղղորդված

Հանրային հեռուստաընկերությունը ՍԴ-ի գործունեությունը լուսաբանում է ուղղորդված

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Վերջին ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Սահմանադրական դատարանի գործունեությունը ու դրա շուրջ ստեղծված արհեստական իրավիճակը լուսաբանում է միակողմանի, չհիմնավորված և ուղղորդված։

Հանրային հեռուստաընկերության եթերից հնչում են մեկնաբանություններ, տրվում իրավագիտության հետ աղերս չունեցող գնահատականներ, արվում են որևէ քննադատության չդիմացող դատողություններ և եզրահանգումներ։

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը: Հանրային հեռուստաընկերության նման վարքագիծը ոչ այլ ինչ է, քան միտում ապալեգիտիմացնելու Սահմանադրության գերակայությունը ապահովելու առաքելությամբ օժտված մարմնի՝ Սահմանադրական դատարանի դերը։ Սահմանադրական դատարանի նկատմամբ նման վարքագիծը միաժամանակ ոտնձգություն է Սահմանադրության նկատմամբ, որը խաթարում է մեր պետության սահմանադրական կարգի հիմքերը և իրավական անվտանգությունը։

Հանրային հեռուստաընկերությանը հորդորում ենք ապահովել Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը, այլ ոչ թե վերածվել քաղաքական քարոզչամեքենայի։ Միևնույն ժամանակ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունն ենք հրավիրում Սահմանադրության 196-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման համար Հանրային հեռուստատեսության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու պարտականության վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը