Հարցազրույց

12.08.2019 17:22


Ես չեմ կարծում՝ ՍԴ դատավորները կգնան այդ քայլին, որովհետև դա շատ նվաստացուցիչ առաջարկ է. Վոլոդյա Հովհաննիսյան

Ես չեմ կարծում՝ ՍԴ դատավորները կգնան այդ քայլին, որովհետև դա շատ նվաստացուցիչ առաջարկ է. Վոլոդյա Հովհաննիսյան

«Դա ոչ միայն իրավական, այլեւ բարոյական չէ, ո՞նց կարելի է նման բան անել, դա ճնշում է դատարանի վրա, կաշառք՝ գումարած ճնշում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող այն փոփոխությանը, ըստ որի՝ ՍԴ այն դատավորները, ովքեր հրաժարական կտան օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կպահպանեն իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը։ «Բայց ես չեմ կարծում, թե ՍԴ դատավորները կգնան այդ քայլին, որովհետեւ դա շատ նվաստացուցիչ առաջարկ է, ո՞ւմ փողն են տալու, հարկատուների՞»,-ասաց նա։

Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխությունների փաթեթին ինքն ամբողջությամբ դեռ չի ծանոթացել, բայց դրանցում կետեր կան, որոնք ինքը անընդունելի է համարում. «Դատավորի համար նույնիսկ 28 տարեկանը լուրջ չէ, նորմալ երկրներում 35-40 տարեկանից են համարվում դատավոր»։ Հովհաննիսյանի կարծիքով՝ 35 տարեկանից շուտ դատավոր նշանակելը խելամիտ չէ. «22 տարեկանում համալսարանն ավարտում են, այդպես է՝ թող տարիքային շեմը մինչեւ 22 իջեցնեն։ Դա անլուրջ է։ Դատավորը պետք է ունենա կյանքի փորձ։ Գիտելիքները շատ քիչ են դատավոր լինելու համար։ Ավստրալիայից մի դատավոր ինձ պատմում էր, որ իրենց մոտ դատավոր լինելու համար պայման է առնվազն 2 երեխա ունենալը, բանկում հաշիվ ունենալը, փաստաբան աշխատած լինելը, այսինքն՝ չի կարելի փողոցից երիտասարդ մեկին բռնել, դատավոր նշանակել, գուցե նա բարոյական շատ բարձր որակներ եւ մասնագիտական բարձր գիտելիքներ ունենա, բայց կյանքի փորձը շատ կարեւոր է, ինչպես «Սայաթ Նովա» ֆիլմն է ասում՝ անշնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում. սա շատ խելացի դատողություն է»,-ասաց Հովհաննիսյանը։

Խոսելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող այն փոփոխությունից, որով դատավորները իրավունք են ունենալու խորհրդի կարգով դիմել գործի ելքում չշահագրգռված մասնագետի, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ դա շատ բարդ հարց է. «Հատկապես քաղաքական երանգ ունեցող գործերով ամբողջ ազգը շահագրգիռ է, օրինակ, ժողովրդի մի մասը դեմ է Քոչարյանին, ինչ-որ հատված էլ կա, այսպես ասած, կողմ է, հիմա ինչպե՞ս պիտի որոշեն... Դատավորները գործող օրենսդրությամբ ունեն լայն լիազորություններ, ի՞նչ խնդիր կա ախր, չեմ հասկանում»,-ասաց ՍԴ նախկին անդամը։

Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ ինքը Սահմանադրական հանձնաժողովի անդամ էր, դեմ դիրքորոշում հայտնեցի Երդվյալ ատենակալների ինստիտուտին, որովհետեւ կարծում էր, որ Հայաստանում հնարավոր չէ գտնել մի մարդ, որի գործով հինգ րոպե հետո ինչ-որ մեկը չի միջնորդի. «Եվ պարզվեց՝ ես ճիշտ էի. այդ ինստիտուտը Հայաստանում այդպես էլ չաշխատեց։ Այսինքն՝ ՀՀ-ում 5 վայրկյանում կարելի է ցանկացածի հետ կապված ծանոթ-բարեկամ ձեռք բերել, չշահագրգռված մասնագետը նշանակում է մեկը, ով ո՛չ նյութական, ո՛չ բարոյական բնույթի հետաքրքրություն չունի այդ գործով, բայց ինչպե՞ս են պարզելու այդ մարդիկ իրար ճանաչում են թե ոչ, իրար հետ նստել, հաց կիսել են թե ոչ»։ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ շահագրգռվածությունը շատ լայն մեկնաբանման հիմք է տալիս. «Դրանից բացի գուցե ես ինքս անմիջական, նյութական շահ չունեմ, բայց ենթադրենք՝ այդ գործով իմ թոռնիկի դպրոցի տնօրենը շահագրգռված է, ու ես գիտեմ, որ դա նրա հետ է կապված, այդպիսով՝ կախվածության մեջ կընկնե՞մ, իհարե կընկնեմ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող այն փոփոխությանը, ըստ որի՝ դատավորը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք նպատակ կհետապնդեն ստեղծելու ինքնաբացարկի հիմքեր, ՍԴ նախկին անդամը սա ողջամիտ համարեց. «Այսինքն՝ դրա մեջ տրամաբանություն ես տեսնում եմ, բայց կյանքը այնքան բազմաբնույթ դրսեւորումներ է ունենում, դա ո՞վ կարող է ասել, գնահատողը կգնահատի, դա էլ հավանաբար կլինի Բարձրագույն դատական խորհուրդը»։

Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով՝ եղած օրենսդրությունն էլ բավարար է նորմալ աշխատելու համար. «Այսօր 1500 հատ հասարակական կազմակերպություն կա, որոնք ավելի քաղաքականեցված են, քան կուսակցությունները, ինչպե՞ս են որոշելու Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողով որին ներգրավել, որին՝ ոչ»,-ասաց նա եւ հավելեց,-Հույս ունեմ, որ նախատեսվող փոփոխությունների մեծ մասը չի անցնի, եւ ԱԺ-ն ավելի լուրջ կգտնվի՝ դրանց մեծ մասից հրաժարվելով։

Այս խորագրի վերջին նյութերը