Լրահոս

10.08.2019 10:26


Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 91-ամյա ուղևորուհին մահացել է

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 91-ամյա ուղևորուհին մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Վոլոդյա Մաթևոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 9-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ՝ 91-ամյա Արուսյակ Ա-ի մահվան փաստով։

Օգոստոսի 5-ին, ժամը 20։30-ի սահմաններում Ծովինար գյուղի բնակիչ՝ 54-ամյա Աշոտ Ա-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի 33 PO 924 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ուղևոր Արուսյակ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Մարտունու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Այս խորագրի վերջին նյութերը