Հարցազրույց

10.08.2019 10:16


«Դուք ևս կարող եք փաստաթուղթ կազմել, խիստ գաղտնի որակել և ուղարկել ՀՀ կառավարությանը՝ Ձեր նկատառումներից ելնելով»․ Շահնազարյան (տեսանյութ)

«Դուք ևս կարող եք փաստաթուղթ կազմել, խիստ գաղտնի որակել և ուղարկել ՀՀ կառավարությանը՝ Ձեր նկատառումներից ելնելով»․ Շահնազարյան (տեսանյութ)

«Գաղտնի փաստաթղթի հրապարակումը ծայրահեղ անպատասխանատվության հերթական օրինակն է»,-այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած գաղտնի զեկույցին, որը, ըստ նրա՝ ապացուցում է, թե ՀՀ-ն գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ տեղեկացրել էր, որ 2014թ. պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է, որ հեղափոխությունից առաջ և, որոշ իմաստով, նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։

Նա նշել էր, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:

«Մենք ըստ էության զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ մինչև անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ, և այսպես շարունակ»,-ասել էր Փաշինյանը՝ շարունակելով, որ չպետք է խուճապահար վազել բոլոր հնարավոր հարցերի հետևից, այլ պետք է հերթով լուծել խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին:

Դավիթ Շահնազարյանը ՀՀ վարչապետի կողմից նման փաստաթղթի գաղտնազերծումը գնահատում է՝ որպես ծայրահեղ անպատասխանատվության հերթական օրինակ, պետական մտածողության բացակայության, պետության դերի անհասկանալի պատկերացումների արդյունք։

«Ի՞նչ է անում Փաշինյանի Կառավարությունը։ Մենք ունեցել ենք 3 նախագահ, նրանց գործունեության արդյունքում եղել է թե դրականը, թե բացասականը: Եկեք հիմա չգնահատենք, թե որն է շատ եղել։ Ինքը քանդում է այն դրականը, որը եղել է նպատակաուղղված կերպով, բացասականը՝ զարգացնում։ Ի՞նչ է նշանակում՝ գաղտնի կամ խիստ գաղտնի փաստաթուղթ։ Առաջին հերթին՝ դա նշանակում է, որ այդ փաստաթղթի գոյության փաստն ինքնին արդեն իսկ պետական գաղտնիք է»,-ասաց Շահնազարյանը։

Նա շարունակեց՝ ասելով, որ բազմաթիվ հարցեր կան՝ ո՞ւմ կողմից է պատրաստվել այդ փաստաթուղթը։ «Դուք ևս կարող եք փաստաթուղթ կազմել, խիստ գաղտնի որակել և ուղարկել ՀՀ կառավարությանը՝ Ձեր նկատառումներից ելնելով։ Հասարակական պահանջ կա՝ ոչ միայն հրապարակել, այլ լուրջ մանրամասներ տալ։ Նա ասում է, որ պետական համակարգ գոյություն չունի, բոլոր կառույցները գոյություն չունեն, մեկ տարի կառավարելուց հետո հասկացա՞ր, որ այդպես է։ Եթե դա նույնիսկ այդպես է, ինչն այդպես չէ, որովհետև նախորդ իշխանությունների օրոք պետական կառույցները շատ ավելի արդյունավետ էին աշխատում, քան հիմա, դու իրավունք չունես պատերազմող երկրի գործադիր ղեկավար լինելով՝ նման հայտարարություն անել»,-ասաց Շահնազարյանը։

Հարցին, թե ինչու է դա արվում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հայտնվել է փակուղային իրավիճակում, ՀՀ-ում կա կառավարման լրջագույն ճգնաժամ, նախարարների մակարդակով քաղաքական որոշումներ չեն ընդունվում։

«Ի՞նչ է նշանակում՝ արդյունավետ պետական կառավարում։ Ամեն պետական պաշտոնյա՝ սկսած ամենացածր օղակում գտնվող պաշտոնյայից մինչև ամենաբարձր, պետք է որոշում ընդունի, այնինչ միայն ինքն է որոշում ընդունում, դրա համար կա լուրջ ճգնաժամ, որն ակնհայտ է բոլոր ոլորտներում»,-նկատեց Շահնազարյանը։

Նա նշեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթի նախորդ օրն արված այդ հայտարարությունը Փաշինյանի հստակ գործելակերպի ցուցիչ է։

«Անընդհատ անկայունություն է տարածում իր կոչերով, հայտարարություններով, ստեղծում է սկանդալներ, այնուհետև այդ սկանդալները որտե՞ղ է քողարկում, նոր սկանդալների տակ, անընդհատ թեմաները փոխելով, որովհետև երբ հասարակությունը սկսում է ընդվզել, հարցադրումներ անել, նա անընդհատ թեմաները փոխում է։

Առայժմ, ցավոք սրտի, սա աշխատում է։ Քանի օրինակ կարող եմ բերել։

Հիշեք անցյալ տարի այդ սկանդալային գաղտնալսումները։ Գործ էր հարուցվել, այդ գործի մասին ինչ-որ բան գիտե՞ք, չկա, փակել են և, ընդ որում՝ մեխը դրել էին այն հանգամանքի վրա, թե որտեղի՞ց, ո՞վ է իրականացրել այն, բայց բովանդակային մաս կար, որն ապացուցում էր, որ արդարադատության համակարգն անկախություն չունի, և ուղղակի միջամտություն էր դա։

Հիմա իր այս հարձակումները դատական համակարգի, Սահմանադրական դատարանի նախագահի վրա ուղղակի քաղաքական հետապնդումներ են թե անձի, թե ընդհանրապես համակարգի նկատմամբ։

Անընդհատ սկանդալներով փորձում է փակել… հիմա ասում է՝ 2014 թվականին պարզ էր, որ ՀՀ-ում որևէ կառավարման համակարգ գոյություն չունի։ Դե ֆակտո պատերազմող երկրի համար նման հայտարարություններում քրեական առումով հանցակազմ եմ տեսնում։ Սա է իմ գնահատականն իր հերթական պոպուլիզմի վերաբերյալ և, կրկնում եմ, սկանդալները թաքցնել նոր սկանդալների տակ։

Ինչպես հանցագործ աշխարհում է հայտնի, որտե՞ղ է ամենալավ տեղը դիակները թաքցնել, նոր դիակների տակ։ Սա է կատարվում նրա կողմից։ Այս գործելաոճն է որդեգրել և դրանով շարժվում է»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը