Քաղաքական

09.08.2019 20:05

Ղրղզստանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը (տեսանյութ)

Ղրղզստանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը (տեսանյութ)

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

ՌԴ կառավարության նախագահը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում և նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների և շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձևաչափերով։

ՀՀ վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ընթացքը և գոհունակությամբ խոսել, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին. 2019 թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2019 թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 12.8 տոկոսով։ Վարչապետ Փաշինյանը նաև գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ։

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։