Հարցազրույց

19.04.2010 17:23


Նարինե Մայիլյան

Նարինե Մայիլյան

Հարցազրույց Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամի տնօրեն Նարինե Մայիլյանի հետ

-Այսօր Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացվածության մակարդակն ինչպիսի՞ն է։

-Եթե դատենք գրանցված բիզնեսների թվից, կարելի է ասել, որ վատ չէ։ Սակայն եթե հաշվի առնենք, որ բիզնեսների մեծ մասը գրանցված է, բայց այս կամ այն պատճառով չի գործում, կարելի է ասել, որ զարգացման աստիճանը բավական ցածր է։ Մարդիկ խուսափում են մտնել փոքր ու միջին ձեռնարկատիրության դաշտ, որովհետև պատկերացնում են՝ ինչպիսի խնդիրների առաջ են կանգնելու. պետական մարմինների հետ փոխհարաբերությունների բարդություններ, բիզնեսի զարգացման համար նեղ, փոքր հնարավորություններ։ Եվ՛ ֆինանսական, և՛ վարչարարության առումով մեծ խնդիրներ կան։ Կարելի էր ենթադրել, որ մեր երկիրը պետք է խիստ շահագրգռված լինի, որ փոքր, միջին ձեռնարկատիրությունն առավելագույնս մատչելի և գրավիչ լինի հասարակության համար, որովհետև փոքր ու միջին ձեռնարկատիրությունը լուծում է ոչ այնքան տնտեսական խնդիր, որքան սոցիալական։ Այսինքն մարդկանց հնարավորություն է տալիս վաստակել իրենց ընտանիքը կամ իրենց ապրելակերպը պատշաճ մակարդակով ապահովելու համար։

-Ընդհանուր առմամաբ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը, և ինչի՞ն է հանգեցնում այն։ Արդյոք փարիսեցիական չե՞ն հայտարարություններն այն մասին, որ փոքր ու միջին բիզնեսին պետք է օգնել։

-Կառավարության հռչակած քաղաքականությունը՝ որպես թղթի վրա շարադրած դիրքորոշում, կարելի է միայն դրական գնահատել։ Բայց այն, ինչն իրականում է տեղի ունենում, խիստ տարբերվում է այդ հռչակված քաղաքականությունից։ Այսինքն, մեզ մոտ թղթի վրա ամեն ինչ լավ տեսք ունի, իսկ իրական կյանքում շատ ավելի բարդ, դժվար, ոչ գրավիչ է ձեռնարկատիրության համար։ Վարչարարությունը խեղդում է մարդկանց։ Այն կառույցները, որոնք մարդկանց համար բիզնեսն առավել մատչելի դարձնող ընդհանուր խնդիրը լուծելու նպատակով գործարարների համար պետք է  հանդես գան որպես գործընկեր և աջակից, հանդես են գալիս որպես պատժող, հետապնդող, խնդիրներն առավելագույնս դժվարացնող կառույցներ։

-Իսկ այդպիսի գործելաոճի բուն նպատակը ո՞րն է։

-Այդ հարցին շատ դժվար է պատասխանել։ Չեմ ուզում ենթարդել, որ պետությունը կանխամտածված է անում դա, այսինքն՝ հայտարարում է մի բան, անում է մեկ այլ բան։ Կարծում եմ, որ հռչակած քաղաքականության և իրականացվող միջոցառումների ներդաշնակությունը չկա, ինչ-ինչ պատճառով բացակայում է։ Միգուցե մեր մենթալիտետի խնդիրն է, միգուցե այլ խնդիրներ կան։ Օրինակ, ամեն տեղ խոսում են հավասար մրցակցային դաշտի ապահովման մասին, որ դա կարևոր է, պետք է արվի, օրակարգում է, բայց իրականում մենք ի՞նչ ունենք։ Ունենք խիստ անարդար մրցակցային դաշտ, որտեղ ով տանիք, կապեր, միգուցե  ֆինանսական միջոցներ ունի, իր հարցերը հեշտությամբ կարողանում է լուծել, իսկ ով նման բաներից զուրկ է, խիստ վարչարարության, պատժամիջոցների, տույժերի և տուգանքների է ենթարկվում։ Դրա բացատրության համար կարելի է միայն ենթադրություններ անել, որովհետև իրավիճակի մեկնաբանությունը կամ բացատրությունը որևէ տեղից ստանալ չեք կարող։ Դուք կարող եք արձանագրել փաստերը և հետո ենթադրել, թե դրա ետևում ի՞նչ պատճառներ կան։

-Այսօր ոլորտը կոնկրետ ի՞նչ խնդիրներ ունի, և ի՞նչ է անհրաժեշտ դրանք լուծելու համար։

-Առավելագույնս ազատ թողնել մարդկանց իրենց ձեռներեցությունն իրականացնելու գործում։ Չհետապնդել, չկարծել, թե յուրաքանչյուր ձեռներեց անպայման հանցագործ կամ գոնե զեղծարար պետք է լինի։ Ձևավորել այնպիսի մթնոլորտ, որը ձեռներեցի համար առավելագույնս նպաստավոր լինի. ստուգումները կրճատել, ստուգել միայն այն դեպքերում, երբ խախտումների առկայության մասին վկայություն կա։ Խոսվում է ռիսկային ցուցանիշների չափանիշների վրա հիմնված ստուգումների մեխանիզմի մշակման մասին, բայց մինչև այդ մեխանիզմը մշակվի և գործադրվի, գործարարության որոշակի զանգված դուրս կգա ասպարեզից։ Իսկ դա նշանակում է գործազրկության ավելացում, զբաղվածության խնդրի ավելի դժվար իրավիճակ և, բնականաբար, անապահով խավերի ապահովմանն ուղղված խնդիրների ավելի բարդ զանգված պետության համար։ Մարդիկ դուրս են գալիս բիզնեսից, դառնում են անապահով, գործազուրկ և դիմում են նպաստ ստանալու համար՝ դժվարացնելով պետության վիճակը, մանավանդ տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Բազմաթիվ խնդիրներ կան, բայց հիմնականը վարչարարության մեղմացումն ու ստուգումների կանխարգելումն է, գործարարների չհիմնավորված կեղեքումը վերացնելը։ Կրկնում եմ՝ մեր կառույցները ոչ թե պետք է հետապնդեն և պատժիչ կառույցների դեր ունենան, այլ նպաստեն բիզնեսի զարգացմանը։ Հանգի՛ստ թողնեն։ Թո՛ղ մարդիկ աշխատեն, զարգանան։ Այսպիսի մի գաղափար կա՝ եթե մեկին հետապնդում են, բնականաբար նա պետք է փախչի։ Այդ հետապնդումն առաջ է բերում նաև խախտումներ, վերջիններն էլ իրենց հերթին հետապնդումներ են առաջացնում։ Այսինքն, մի օղակի մեջ ենք գտնվում, որի շրջապտույտից, կարծում եմ, պետք է որ առաջինը պետությունը դուրս գա. դադարեցնի հետապնդելը, և մարդիկ հանգիստ աշխատելով, հանգիստ հարկեր վճարելով՝ կարողանան զարգացնել ձեռներեցությունը և լուծել սոցիալական խնդիրը։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը