Քաղաքական

08.08.2019 20:04


Չի եղել մի փաստ, որը կվկայեր այն, ինչի մասին նշված է BBC-ի հոդվածում. Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ

Չի եղել մի փաստ, որը կվկայեր այն, ինչի մասին նշված է BBC-ի հոդվածում. Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ

«Ես չեմ ուզում վերաբերմունք դրսեւորել կամ գնահատական տալ, թե ինչու է BBC-ն նման բան ասում եւ ինչու է նման կերպ ասում, թե որն է նրա աղբյուրը, ինչու է այդ աղբյուրից օգտվել եւ ինչ նպատակ է հետապնդում: Այս հարցերը ես չեմ ուզում մեկնաբանել, բայց ես կարող եմ ասել, որ ամբողջ այս տարիների ընթացքում, եւ հանձնաժողովի աշխատելու ժամանակահատվածի ընթացքում, որը տիրապետել է նաեւ փաստահավաք խմբի նյութերին, նման ինֆորմացիա չի եղել: Չի եղել մի փաստ, որը կվկայեր այն մասին, ինչի մասին նշված է այդ հոդվածում: Ես նման նյութի չեմ տիրապետել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով BBC-ի ռուսական ծառայության հրապարակած հոդվածին:

Հիշեցնենք, BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել էր Մարտի 1-ի գործին և հոդված հրապարակել, որտեղ հղում կատարելով գործի նախաքննության նյութերին, նշվում էր, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների ուղղությամբ կրակելու գործողությունն իրականացրել է Արցախից բերված ջոկատը, որը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը ( Օգանովսկի):

Հավելենք, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումները» ծայրից ծայր մտացածին են և իրականության հետ որևէ կապ չունեն: Նա չէր բացառել, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից:

«Տարի ու կես հանձնաժողովը աշխատել է, մեզ են փոխանցվել նաեւ փաստահավաք խմբի զեկույցները, նույնիսկ նրանց մասնավոր զեկույցները հանձնաժողովը ընդունել է եւ պաշտոնապես կցել է իր զեկույցին, բայց նման քննարկում, նման հիմքի, նման փաստի, որի վրա կարող էին նման պնդում անել, ես չեմ հանդիպել, հանձնաժողովը չի հանդիպել»,-մեզ հետ զրույցում շարունակեց 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը :

Դիտարկմանը, թե առաջին անգամը չէ, որ «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ շահարկվում է Արցախից բերված ջոկատի մասնակցության հարցը՝ Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Պետք է բնական համարել, որ այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժը շահարկում է որեւէ թեզ: Դա այնքան նուրբ հարց է, որ մարդկանց, հասարակության ու ժողովրդի զգայարանների ու դատողության վրա կարող է ազդել: Դա հասարակության վարքագծի վրա ազդեցության ամենահեշտ ճանապարհն է եւ, բնականաբար, նրանք պետք է այդ հեշտ ճանապարհով գնային, ինչը եւ արել են, բայց ցավոք, հաշվի չեն առել, որ քաղաքական խնդիրներ լուծելու արդյունքում մենք վտանգում ենք մեր միասնականությունը, մեր հաղթանակն ու այն արժեհամակարգը, որի համար մի ամբողջ սերունդ իր կյանքն է դրել»:

Այս խորագրի վերջին նյութերը