Քաղաքական

08.08.2019 13:16


30-ական մլն դրամ կտրամադրվի մարտի 1-ի զոհերի ընտանիքներին

30-ական մլն դրամ կտրամադրվի մարտի 1-ի զոհերի ընտանիքներին

Կառավարությունը հավանություն տվեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու որոշման նախագծին:

«Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս որոշմամբ սահմանված չափերը որևէ ձևով չեն նշանակում փոխհատուցում : Այսինքն, մասնավորապես, սրանով, կներեք կոպիտ ձևակերպման համար կյանքի գին չի որոշվում Հայաստան քաղաքացու: Սա ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն: Մենք բավականին նուրբ իրավիճակում ենք այն առումով, որ… Դուք բոլորդ տեղյակ եք, որ ես ինքս էլ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված եմ եղել և մասնակից եմ եղել և այստեղ շատ կարևոր է, որ մենք ոչ թե էմոցիոնալ, այլ բալանսավորված որոշումներ կայացնենք: Մենք քննարկումների առումով , նաև հիմնվելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Հայաստանի կապակցությամբ կայացված մի շարք նախադեպային որոշումների վրա, կայացրել ենք այսպիսի որոշում այս փուլի համար, և իմ պատկերացումն այն է, որ այս հարցերը վերջնական լուծում ստանան ՄԻԵԴ-ում, այսինքն փոխհատուցման հարցը և չափը ՄԻԵԴ-ը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում մենք շատ նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք: Սա ասում եմ նրա համար, որ այս որոշմամբ մենք չենք փոխհատուցում, մենք աջակցություն ենք տրամադրում տուժած քաղաքացիներին»,-որոշման քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ կառավարությունը սահմանել է աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:

Այսպես՝

- սահմանվում է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,

- որպես աջակցության տրամադրման համար դիմումը քննարկող լիազոր մարմին՝ նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությունը,

- ամրագրվում է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կայացնում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդորում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը,

- որպես աջակցության ձև՝ սահմանվում է դրամական օգնությունը՝ հետևյալ չափերով.

. ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ,

. առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ,

. առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը