Լրահոս

07.08.2019 19:42


Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է գործարար Մելիք Մանուկյանի եղբոր նկատմամբ կատարված բռնությունը

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է գործարար Մելիք Մանուկյանի եղբոր նկատմամբ կատարված բռնությունը

Հատուկ քննչական ծառայությունում քննություն է սկսվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբոր՝ «Սամ-հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանությունում կիրառված բռնության վերաբերյալ հաղորդման հիման վրա։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ, որտեղ բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը օգոստոսի 3-ին արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով ձերբակալվել էր։ Դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել ու ազատել արգելանքից՝ արձանագրելով, որ «գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»։

Գործարար Ռ. Մանուկյանը հայտնել է, որ առանց որեւէ օրինական հիմքը իրեն ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո, ոստիկանության բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրվել ու հաղորդում ներկայացրել հանցագործության մասին։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռ.Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է բռնության հանգամանքը։ Եզրակացությամբ փորձագետները Ռոբերտ Մանուկյանի մոտ ախտորոշել են կրծքավանդակի հետին պատի սալջարդ, վերին վերջույթների, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդեր։

Դատաբժշկական փորձաքննությունն արձանագրել է, որ Ռ. Մանուկյանի մոտ առաջացած սալջարդերն ու վնասվածքներն ակնհայտորեն առաջացել են բռնության գործադրումից։ Վերջինիս ստացած մարմնական վնասվածքները հասցված են բութ առարկաներով կամ բութ գործիքներով առնվազն մեկական անմիջական ներգործությամբ (հարված, սեղմում, շփում):

«Ռ. Մանուկյանը վնասվածքներ է ստացել գլխի ձախ ունքածոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի և քերծվածքների, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի առաջնային և հետին, աջ արմնկային հոդի շրջանի ներսային, ձախ ուսային հոդի շրջանի առաջադրսային մակերեսների արյունազեղումների, ձախից գոտկային շրջանի հետին մակերեսի քերծվածքների և արյունազեղումների, աջ արմնկային հոդի շրջանի հետին, ձախ արմնկային հոդի շրջանի հետին, ձախ նախաբազկի վերին երրորդականի ներսային մակերեսների քերծվածքների զույգ նախաբազուկ-դաստակային հոդերի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի, աջ ձեռքի 1-ին մատի եղնգային ֆալանգի դրսային մակերեսի սալջարդ վերքի և քերծվածքի ձևով»,-արձանագրել է դատաբժշկական փորձագետը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո։

Պայթյունի եղանակով միջպետական ճանապարհին եղբոր նկատմամբ կատարված սպանության փորձից հետո, նախնական քննության տվյալներով, նրա դրդչությամբ վարորդը դեպքի վայրից հեռացրել է ավտոմեքենան։ Քննության խոչընդոտելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոչ միայն վարորդին է մեղադրանք առաջադրվել, այլ նաեւ ՍՊԸ-ի տնօրենին։

Ընդ որում՝ դեպքից հետո առանց որեւէ ծանուցագրի բերման ենթարկելու որոշման՝ ոստիկանները գնացել են գործարարի տուն ու նրան հրավիրել ոստիկանություն, սակայն Ռ.Մանուկյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է առանց ծանուցագրի գնալ ոստիկանություն, ինչից հետո նրան հարկադիր տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Այն, որ Ռ.Մանուկյանին ոստիկանություն բաժին տեղափոխելը եղել է առանց որեւէ հիմքի, ինչպես արդեն նշել ենք, փաստել է նաեւ Կոտայքի մարզի դատարանը՝ նրա ձերբակալությունը որակելով որպես ոչ իրավաչափ։

Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։ Նշենք, որ «Սամ-Հար» ընկերությունը ներկայանում է «Սիփան» ապրանքանիշով ու զբաղվում նաեւ գյուղմթերումներով, պատրաստում տնական կոմպոտ։ Այն ունի մոտ 120 աշխատատեղ։

Այս խորագրի վերջին նյութերը