Տնտեսական

07.08.2019 19:22


Պատերազմի դաշտ է լինելու, իրար են խփելու. որսորդները կրկին բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)

Պատերազմի դաշտ է լինելու, իրար են խփելու. որսորդները կրկին բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)

Մեր պահանջն այն է, որ նախկինի նման կարողանանք շաբաթվա 7 օրը որսի գնալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին Շրջակա միջավայրի նախարարության առջև բողոքող որսորդները՝ անդրադառնալով նախարարության այն որոշմանը, որով որսը կթույլատրվի միայն շաբաթ եւ կիրակի օրերին։

Նրանց խոսքով՝ որսորդությամբ զբաղվելու օրերի կրճատվելուն զուգահեռ բարձրացվել են լիզենզիայի վճարները։

«Գինը դարձրել են 17040 դրամ, 8000 դրամի փոխարեն, բայց դա ոչ թե 17040 է անում, այլ անում է 65000 դրամ, քանի որ այն ժամանակ որսորդն ամսվա մեջ գնում էր 30 օր, հիմա պետք է գնա 8 օր»,–ասացին որսորդները։

Նրանց խոսքով՝ եկել են նախարարություն, որպեսզի պարզեն, թե ինչո՞ւ են թանկացրել որսորդության համար նախատեսված վճարը եւ իրենց վճարած գումարներն այսքան ժամանակ ինչ ուղղությամբ են ծախսվել։

«Երեւի իրենց ախորժակն ուտելուց բացվեց, քանի որ լիցենզիան 4000 էր, հետո դարձավ 5000, հետո 6000, հիմա՝ 17000։ Սպասում ենք, տեսնենք՝ ինչ պատասխան կտան, 3–րդ օրն է՝ նույն պարն է»,–ասաց որսորդներից մեկը։

Նրա խոսքով՝ նախորդ օրը նախարարությունից պատասխանել են, որ չեն կարողանում վերահսկել որսը, այդ պատճառով էլ օրերը կրճատել են։

«Դա նույն բանն է, որ հիմա քաղաքում մեքենաները լիքն են, ճանապարհային ոստիկանությունն ասի՝ միայն շաբաթ կիրակի ավտո կվարեք, քանի որ շատ է, չենք կարողանում վերահսկել։ Իրենք նման պատասխան տալու իրավունք չունեին»,–ասաց որսորդը։

Նրա պնդմամբ՝ սխալ է այս որոշումը, քանի որ որսորդները շատ են եւ, եթե բոլորը միասին շաբաթ–կիրակի մտնեն դաշտ, վերահսկելն ավելի բարդ կլինի։

«Դա պատերազմի դաշտ է լինելու։ Ամեն դաշտի մեջ 50 մարդ է լինելու, իրար են խփելու։ Երեւի իրենց ուզածն այն է, որ որսորդները քիչ–քիչ հրաժարվեն, այդ զենքերն էլ տանեն վերացնեն, պրծնեն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ որսորդները օգոստոսի 5–ից սկսած ամեն օր բողոքի ակցիա են իրականացնում Շրջակա միջավայրի նախարարության առաջ՝ պահանջելով, որ նախարարությունը թույլ տա որսն ամեն օր իրականացնել, եւ վերանայվեն լիցենզիայի համար նախատեսված վճարները։

Այս խորագրի վերջին նյութերը