Հարցազրույց

07.08.2019 09:50


«Ինքն ուղղակի օդի մեջ խոսող է». քաղաքագետը՝ վարչապետի հայտարարությունների մասին

«Ինքն ուղղակի օդի մեջ խոսող է». քաղաքագետը՝ վարչապետի հայտարարությունների մասին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում ՀՀ վարչապետը ներկայացրեց ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը, խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։

«Ըստ այդմ, մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնը»,-ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հավելել է, թե շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ և պարզաբանել. «Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վե՜րջ»։

168.am-ի հարցին, թե որքանո՞վ են իրատեսական նշյալ ռազմավարական նպատակադրումները, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը պատասխանեց.

«Անկեղծ ասած՝ ես Նիկոլ Փաշինյանի ասածներին վաղուց լուրջ չեմ վերաբերվում, ընդհանրապես դատարկաբանություններ են: Եթե մարդ ասում է՝ այսինչ թվականին այսինչ բանն է արվելու, ինքն իր խոսքը պետք է հիմնավորի:

Նորմալ է, երբ պետությունը նախանշում է իր զարգացման հեռակա պլանը, բայց ինչ վերաբերում է Փաշինյանին, ինքն ուղղակի օդի մեջ խոսող է: Հեղափոխությունից առաջ էլ բազմաթիվ խոստումներ է տվել տարբեր օրենքների, Սահմանադրության հետ կապված՝ անցել-գնացել է, ինքն իր խոսքերից հրաժարվել է: Ուղղակի խոսքի գինը և արժեք չունեցող անձնավորութուն է»:

«Արցախը Հայաստան է, և վե՜րջ»՝ վարչապետի հայտարարությանն անդրադառնալով՝ քաղաքագետը նկատեց, որ, երբ հայտարարություն է անում պետության ղեկավարը, ինքը պետք է նախ հաշվի առնի իր հայտարարությունների մեխանիզմները, քաղաքականությունը՝ ինչպես է դա իրագործելու և տվյալ բանակցային ու միջազգային իրավիճակը, որովհետև հիմա շատ լուրջ փոփոխություններ են մեր ռեգիոնում.

«Ես չեմ կարծում, որ ինքն ունի որոշակի քաղաքականություն, տարածաշրջանի վերլուծություն: Լավ բան է ասում՝ մենք բոլորս ողջունում ենք և այդ ձևով ենք մտածում, բայց երբ պետության ղեկավարն ինչ-որ բան է ասում, պետք է հիմնավորումներ ունենա: Դրա համար, ինչպես տարբեր ոլորտներում, սա, բանաստեղծությունները, այդ հայտարարություները, դատարկ խոսքեր են. դրանք պետական քաղաքականությամբ, վերլուծությամբ հիմնավորված խոսքեր չեն»:

Այս խորագրի վերջին նյութերը