Քաղաքական

05.08.2019 15:07


Պաշտոնաթող դատավոր Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ–ի պատվոգիրը

Պաշտոնաթող դատավոր Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ–ի պատվոգիրը

NEWS.am–ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ–ի պատվոգիրը։

Այսօր՝ օգոստոսի 5–ին Վերաքննիչ քրեական դատարանում կայացած միջոցառման ընթացքում նախատեսված է եղել ԲԴԽ–ի անունից Մանուշակ Պետրոսյանին համապատասխան պատվոգրի հանձնում՝ դատական համակարգում երկար տարիների աշխատանքային վաստակի համար։

Սակայն Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ–ի պատվոգիրը՝ պատճառաբանելով դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցող գործընթացների հետ կապված ԲԴԽ–ի դիրքորոշումը։

Նշենք, որ Մանուշակ Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել էին նրա պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով։

Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը