Քաղաքական

02.08.2019 14:02


Վարչապետի՝ ԶԼՄ-ի «ռոբասերժական ֆինանսավորման» մասին հայտարարություն անպատասխանատու և անպարկեշտ էր. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Վարչապետի՝ ԶԼՄ-ի «ռոբասերժական ֆինանսավորման» մասին հայտարարություն անպատասխանատու և անպարկեշտ էր. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Անպատասխանատու և անպարկեշտ հայտարարություն էր Նիկոլ Փաշինյանի այն որակումը, որ մի շարք լրատվամիջոցների համար երկրում բան չի փոխվել և նրանք սնվում են «ռոբասերժական» աղբյուրներից: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Բավականին կոպիտ էր Նիկոլ Փաշինյանի այս որակումը: Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը, նրա ընտանիքը անդրադառնում է մամուլի ֆինանսավորման խնդիրներին, ինչը զարմանալի է: Իրենք, լինելով մամուլի ոլորտի ներկայացուցիչ, այժմ էլ տիրապետելով լրատվամիջոցի, շատ լավ հասկանում են, թե ինչպես է այս ինդուստրիան Հայաստանում զարգանում: Շատ ու շատ դեպքերում ԶԼՄ-ները կարիք ունեն բիզնես կամ քաղաքական հովանավորության, ինչը գաղտնիք չէ»,- նշեց Աղասի Ենոքյանը:

Նրա կարծիքով՝ վարչապետի մակարդակով չպետք է լիներ մամուլի հրապարակման հերքումը: Ըստ քաղաքագետի՝ հերքման համար կառավարությունում կան համապատասխան մարդիկ, համապատասխան բաժիններ:

Աղասի Ենքոյանի խոսքով՝ սա իշխանությունների կողմից ոչ թե իրավական կարգավորումներ մտցնելու ցանկություն է, այլ պատժամիջոցներ իրականացնելու:

«Խոսքը ոչ այնքան իրավական կարգավորման, այլ պատժամիջոցների մասին է: Փաստորեն, նա ասում էր, որ պետք է պատժել, պետք է բերել նախկինների ներկայացուցիչներին այն վիճակի, որ պեռաշկի էլ չկարողանան ուտել: Երևի ուզում են նորից մոնոպոլիա հաստատել, թե ով կարող է որոշել խորոված ուտել, ով կարող է «պեռաշկի» ուտել»,-ասաց Ենոքյանը:

***

Մեղադրանքի առաջադրումը հստակ քաղաքական հետապնդում է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Պարզապես սա դատական համակարգն իրեն ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Մենք տեսանք, որ որոշ քայլեր հաջող էին՝ ԲԴԽ-ն կարողացան իրենց ենթարկել կամ դատավոր Արմեն Դանիելյանին կարողացան իրենց ենթարկեցնել: Որոշ քայլեր էլ անհաջող էին, օրինակ, Դավիթ Գրիգորյանին չկարողացան, ՍԴ-ն չկարողացան իրենց ենթարկեցնել: Այսպես՝ իշխանությունը պարտիզանական պայքար է մղում է դատական համակարգը վերցնելու համար»,-նշեց Աղասի Ենոքյանը:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակը պարզ արտահայտությունն է նրա, որ այսօրվա քրեադատավարական օրենսգրքի մեջ դրված պահանջները դատարանները չեն կարողանում բավարարել:

«Տեսեք, Հայաստանում կա ընդամենը 270 դատավոր և այդ դատավորներից շատերը քննում են մինչև 100 դատական գործ, սա սարսափելի մեծ թիվ է, այսինքն՝ դատավորների թիվը շատ քիչ է: Սա նշանակում է, որ դատավորները պարզապես չեն հասցնում իրենց գործերը քննել և այս դեպքում էլ չհասցնելով այդ գործի քննարկումը՝ կարծում եմ, ինչ-որ մի թուղթ է գրել, որ հետաձգվում է գործի քննարկումը: Այստեղ հանցագործություն տեսնելը պարզապես զարմանալի է, որովհետև հանցագործության մեջ պետք է լինի շահ: Թե ինչ շահ կարող էր Դավիթ Գրիգորյանը հետապնդել դատը հետաձգելով՝ պարզապես ինձ համար զարմանալի է»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը