Քաղաքական

02.08.2019 13:11


Նավալնու աջակից նախարարները բողոքի ակցիա կիրականացնե՞ն (տեսանյութ)

Նավալնու աջակից նախարարները բողոքի ակցիա կիրականացնե՞ն (տեսանյութ)

Politik.am-ը գրում է․ «Շատերն են այսօր խոսում քաղաքական դաշտի դեգրադացման մասին: Հայաստանում քաղաքական դաշտը դեգրադացվել է ոչ սկզբունքային քաղաքական գործիչների առատության պատճառով: Մեր երկրում երբեք էլ չեն եղել սկզբունքային արևմտամետներ, կամ սկզբունքային ռուսամետներ: Ճնշող մեծամասնությունը ունեցել են քաղաքական կողմնորոշում, քանի դեռ կոնկրետ կենտրոնից եղել է ֆինանսավորում:

Այսօր սակայն իրավիճակն առավել բարդ է, քանի որ ոչ սկզբունքային գործիչների ճնշող մեծամասնությունը իշխանության մաս է կազմում: Երեկվա ընդդիմադիրները, որոնք այսօր արդեն իշխանություն են 180 աստիճանով փոխել են իրենց տեսակետները ամենատարբեր հարցերի վերաբերյալ:

Տարիներ առաջ օրինակ այս պահին նախարարի պաշտոններ զբաղեցնող Հակոբ Արշակյանն և Արայիկ Հարությունյանը դուրս էին եկել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության առաջ և բողոքում էին այդ երկրում ընդդիմադիրների նկատմամբ գործադրվող ճնշումների և ձերբակալությունների դեմ: Նրանք հատկապես պահանջում էին ազատ արձակել ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին:

Նախորդ շաբաթ Ռուսաստանում նորից բողոքի ակցիաներ էին, որին հաջորդեցին զանգվածային ձերբակալությունները, ոստիկանական ուժերը բռնի ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ: 1000-ից ավել ձերբակալվածների թվում է նաև Ալեքսեյ Նավալնին:

Այս ձերբակալություններից հետո, սակայն, Հայաստանի քաղաքական դաշտից, որևէ դատապարտող հայտարարություն չհնչեց: Ավելին լռում են Նավալնիի աջակից նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Հակոբ Արշակյանը: Նրանք այսօր շատ ավելի մեծ ազատություններ ունեն, և եթե Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ոստիկանական ուժերը նրանց թույլ չէին տալիս մոտենալ դեսպանատանը, ապա հիմա իրենք առանց որևէ խնդրի կարող են մոտենալ դեսպանատան դարպասներին և բղավել՝ Ազատություն Նավալնիին: Կամ կարող են ուղիղ զանգել ՌԴ դեսպանին և իրենց բողոքն արտահայտել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ:

Այսօր արդեն վստահությամբ կարելի է ասել, որ նրանք չեն խոսի: Չեն խոսի ոչ այն պատճառով, որ պետական պաշտոն են զբաղեցնում և առավել պատասխանատվությամբ են մոտենում իրենց խոսքին՝ բազմաթիվ անգամներ նրանք ապացուցել են, որ անպատասխանատու են իրենց խոսքում: Չեն խոսի, քանի որ հիմա արդեն իրենց անձնական շահերը այլ բան են թելադրում: Սա է մեր քաղաքական դաշտի իրականությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը