Քաղաքական

02.08.2019 09:07


Փաշինյանը վերախմբագրում է իր խոստումները․ «Փաստ»

Փաշինյանը վերախմբագրում է իր խոստումները․ «Փաստ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում», փոխարենը եթե ոչ ամենօրյա, համենայն դեպս, չափազանց հաճախ ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալներ։ Այս անգամ Փաշինյանը գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով։ Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով կամ 152 մլրդ դրամով»։ Ապա նա նշել է, թե բյուջեի եկամուտների աճը հնարավորություն է տվել, որ հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը։ Թեեւ շատ զինծառայողներ փաստում են, որ աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել, ըստ երեւույթին, աշխատավարձերի աճը վերաբերում է ոչ բոլոր զինծառայողներին։ Փաշինյանը շարունակում է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է շուրջ 38 ազար ուսուցիչների աշխատավարձը։ 2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։

«Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար։ Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար։ 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988–ի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար»,–գրում է Փաշինյանը։

Անշուշտ, դրական պետք է գնահատել, որ կառավարության ղեկավարը արձանագրում է բյուջեի եկամուտների աճ եւ դրանք ուղղում սոցիալական խնդիրների լուծմանը, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակը բնակչության բավական վատ է։ Հետաքրքիր են ընտրված թիրախային խմբերը՝ զինվորականներ, ուսուցիչներ, թոշակառուներ եւ երկրաշարժից տուժած ընտանիքներ։ Զուտ համապետական առումով Փաշինյանի կառավարությունը, փաստորեն, բյուջեի եկամուտները ծախսելիս կարեւորել է ճանապարհաշինությունն ու համայնքային ծրագրերը։ Այսինքն՝ կառավարության մոտեցումն է հնարավորինս արագ շոշափելի արդյունքներ ցույց տալ բնակչությանը, որպեսզի հեղափոխությունից ունեցած ակնկալիքների ճգնաժամը մեղմվի։

Մարդիկ սպասում էին կյանքի կտրուկ լավացում, բայց առայժմ ապավինելու են եկամուտների նվազագույն աճին, որը կենսամակարդակի հարցում ոչինչ չի փոխելու։ Մյուս կողմից՝ գումարներ են ծախսվելու ճանապարհաշինության եւ համայնքային տարբեր ծրագրերի վրա։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ համայնքային ծրագրերի մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ ծախսվող գումարները հավելյալ արժեք չեն ստեղծելու, դրանք միտված են կարճաժամկետ տպավորություն թողնելուն։ Քավ լիցի, չենք չարախնդում, գրանցած արդյունքները դրական են, սակայն արդյոք դա ա՞յն է, ինչ հանրությունը ակնկալում էր հեղափոխությունից հետո։ Հանուն արդարության նշենք, որ Փաշինյանը վերախմբագրել է իր խոստումը։ Հեղափոխությունից առաջ նա հստակ հայտարարել է, տեսանյութերը կան, որ բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում կավելանան ոչ թե 25-30, այլ 30-40 տոկոսով։ Դեռեւս ժամանակ կա այղ խոստումը իրականացնելու համար, հետեւաբար ի՞նչ կարիք կա թաքցնելու խոստացված թվերը։ Հանուն նրա, որ թվերը գեղեցիկ համընկնե՞ն։ Թե՞ այն պատճառով, որ արդեն պարզ է՝ խոստումները 100 տոկոսով իրականություն չեն դառնալու, եւ քանի շանս կա, մի քիչ ձեւափոխել, նկարել։

Փաշինյանի կառավարության գրանցած այս ցուցանիշները այնպիսին չեն, որ չէր կարող գրանցել ցանկացած այլ, անգամ նախկին կոռումպացված կառավարությունը։ Նախկինում էլ բյուջեի եկամուտները աճել են, բյուջեն գերկատարվել է, սակայն, դա, բնականաբար, չի գոհացրել հանրությանը, քանի որ շատ սովորական աճի ցուցանիշներ են։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը