Քաղաքական

30.07.2019 15:47


Երկիրը, կարծես թե, հեռանում է իրավական պետության կայացման ճանապարհից. Լարիսա Ալավերդյան

Երկիրը, կարծես թե, հեռանում է իրավական պետության կայացման ճանապարհից. Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում հասարակությունը չտեսավ իրավապահների այն «ոսկերչական» աշխատանքը, որը պետք է տեսներ:

«Ամբողջ գործընթացը՝ քայլ առ քայլ պետք է լիներ անթերի, պետք է համապատասխաներ ոչ միայն օրենքի տառին, այլեւ՝ իրավունքի ոգուն, այն է՝ ցանկացած քայլ պետք է իրականացվեր մարդու իրավունքների պաշտպանությունից ելնելով: Ցավով եմ նշում, որ իշխանությունները, հայտարարված բարի նպատակներին փորձում են հասնել հակառակ միջոցներով: Երկիրը, կարծես թե, հեռանում է իրավական պետության կայացման ճանապարհից եւ ամենատխուր արդյունքը սա է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ տարի է, ինչ «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս ընթացքը ցույց տվեց, որ իշխանության՝ հայտարարված նպատակներն ու միջոցները, որոնցով փորձում է հասնել նպատակներին, հակասում են միմյանց այնքան, որ ոտնահարվում են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների իրավունքները, որոնք սահմանված են ՄԻ եվրոպական կոնվենցիայի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով, այլեւ՝ դատապաշտպանների ու դատավորների իրավունքները: Ըստ նրա, 2-րդ նախագահի դեմ սկսված գործընթացում կա եւ միջանձնային հարաբերությունների, եւ շտապողականության խնդիր: «Եթե դու առաջին քայլն անելիս շեղվում ես ճիշտ ճանապարհից, ապա մնացած քայլերը քեզ ավելի ու ավելի են հեռացնում հայտարարված նպատակներից: Ես երբեւէ չեմ ցանկացել, որ Հայաստանը հայտնվի այն երկրների ցուցակում, որոնք նշվում են որպես քաղաքական հետապնդում իրականացնող երկրներ: Եթե մենք հետեւենք Amnesty International –ի ձեւակերպումներին, ըստ որոնց, եթե տեղի են ունենում ՄԻ կոպիտ եւ հետեւողական ոտնահարումներ, ապա գործ ունենք կամ միջանձնային հարաբերությունների կամ օրենքի չիմացության եւ բացարձակ օրինազանցության կամ քաղաքական հետապնդման հետ եւ կամ դրանց միասնության: Վախենամ, որ մենք ունենք հենց այս բոլորի միասնությունը»,-նշում է իրավապաշտպանը:

Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ Մարտի 1-ի գործի կծիկը պետք էր սկսել սպանությունների գործերը բացահայտելուց: Ըստ նրա, անցնող տասը տարիներին համապարփակ քայլեր այս ուղղությամբ չեն իրականացվել, գործող իշխանությունը եւս այդ ուղղությամբ քայլեր չարեց. «Երբ անցյալ տարի հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես անմիջապես ասացի, որ դա նշանակում է՝ գործի բացահայտումը այս անգամ եւս անորոշ ժամանակով հետաձգվեց»:

Լարիսա Ալավերդյանը անհանգստացնող է համարում նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի՝ գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որը, ըստ նրա, մոռացության մատնվեց, ինչպես նաեւ վարչապետի այն հայտարարությունը, թե ԱԱԾ-ից փաստաթղթեր են կորել: Այս հայտարարությունը իրավապաշտպանը կապում է վեթինգի գործընթացի հետ: «Ես կարծում եմ, որ այնտեղ այնպիսի թղթեր են կորել, որոնք նշանակություն ունեն այսպես ասած, վեթինգի, այս կամ այն աստիճանի իլյուստրացիայի համար: Միշտ կորում են այնպիսի փաստաթղթեր, որոնք պետք է կորեն տվյալ իշխանությունների ժամանակ եւ այդ բոլոր հայտարարությունները, թե պետք է ամբողջովին անկախ արդարադատության համակարգ կայանա, պարզապես քողարկում են դատարանները յուրայիններով լրացնելու՝ իշխանության ցանկությունը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը